ԵԼՔ 27

27
Զոհասեղանը
(Ելք 38.1-7)
1«Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։ 2Դրա չորս անկյունների վրա եղջյուրնե՛ր արա այնպես, որ դրանք միաձույլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կպատես պղնձով։ 3Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։ 4Դրա համար պղնձից վանդակավոր կասկարա կպատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձե օղակներ կպատրաստես։ 5Դրանք կդնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքևի մասում։ Կասկարան թող հասնի մինչև զոհասեղանի մեջտեղը։ 6Զոհասեղանի համար լծակնե՛ր պատրաստիր չփտող փայտից և դրանք պատի՛ր պղնձով։ 7Լծակները մտցրո՛ւ օղակների մեջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից՝ այն բարձրացնելու համար։ 8Զոհասեղանը պիտի լինի մույթերով, մեջը դատարկ, ըստ այն օրինակի, որ ցույց է տրվել քեզ լեռան վրա»։
Տիրոջ խորանի բակը և վարագույրը
(Ելք 38.9-20)
9«Խորանի առաջ բա՛կ շինիր, բակի հարավային կողմում՝ նրբահյուս բեհեզից պատրաստված առագաստ՝ հարյուր կանգուն երկարությամբ՝ մի կողմում։ 10Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։
11Նույնը և հյուսիսային կողմում. առագաստների երկարությունը թող լինի հարյուր կանգուն։ Դրանց պղնձե սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց գալարազարդերը, սյուները և խարիսխները թող լինեն արծաթապատ։
12Բակի ծովահայաց կողմի առագաստների երկարությունը թող լինի հիսուն կանգուն։ Դրանց սյուները թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։
13Բակի արևելյան կողմի առագաստների երկարությունը թող լինի հիսուն կանգուն։ Դրանց սյուները թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 14Ընդ որում՝ դռան մի թևի առագաստների երկարությունը#Հուն. և գրբ. բարձրությունը, նաև՝ 27.15, 27.16։ թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց սյուները թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։ 15Դռան մյուս թևի առագաստների երկարությունը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց սյուները թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։ 16Բակի դռան վարագույրի երկարությունը թող լինի քսան կանգուն։ Կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստված թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործությամբ։ Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։
17Բակը շրջափակող բոլոր սյուներն արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։
18Բակի երկարությունը հարյուր կանգուն թող լինի, լայնությունը՝ հիսուն, իսկ բարձրությունը՝ հինգ կանգուն։
Առագաստը նրբահյուս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։ 19Խորանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները և գավթի բոլոր ցցերը պղնձից թող լինեն»։
Ձեթ՝ ճրագի համար
(Ղևտ. 24.1-4)
20«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի 21Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 27: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք