ԵԼՔ 29

29
Ձեռնադրության հրահանգներ
(Ղևտ. 8.1-36)
1«Ահա թե ի՛նչ պիտի անես նրանց սրբելու համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Հոտից կընտրես մի զվարակ և երկու խոյ՝ արատ չունեցող, 2կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։ 3Կդնես մի զամբյուղի մեջ և զամբյուղով էլ կմատուցես դրանք, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը։
4Ահարոնին ու նրա որդիներին կբերես Վկայության խորանի դռան մոտ և նրանց կլվանաս ջրով։ 5Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։ 6Խույրը կդնես նրա գլխին, իսկ ոսկյա սուրբ թիթեղը կդնես խույրի ճակատին։ 7Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։ 8Մոտ կբերես նրա որդիներին, նրանց նույնպես կհագցնես շապիկները, 9գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։
10Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։ 11Զվարակը կմորթես Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։ 12Կառնես զվարակի արյունից և մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կհեղես զոհասեղանի հատակին։ 13Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։ 14Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։
15Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։ 16Մորթի՛ր խոյը և վերցնելով նրա արյունը՝ հեղի՛ր զոհասեղանի շուրջը։ 17Խոյը անդամահատի՛ր, ջրով լվա՛ նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք նրա գլխի հետ դի՛ր կտրտած անդամների վրա։ 18Ողջ խոյը կմատուցես զոհասեղանին՝ իբրև ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջ զոհն է։
19Կվերցնես երկրորդ խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։ 20Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։ 21Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։ 22Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։
23Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ, 24այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։ 25Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։
26Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։ 27Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար. 28դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։
29Ահարոնի սրբազան զգեստներն իրենից հետո թող պատկանեն իր որդիներին, որպեսզի նրանք այդ զգեստով օծվեն, ու նրանց ձեռքերը սրբվեն։ 30Նրա որդիներից նա, ով պիտի փոխարինի նրան, երբ մտնի Վկայության խորան՝ սրբարանում պաշտամունք կատարելու, թող յոթ օր այդ զգեստները հագնի։
31Սրբացման համար մատուցվող խոյը և դրա միսը կեփես մի սուրբ վայրում։ 32Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից և սկուտեղի վրայի բաղարջ հացերից Վկայության խորանի դռանը։ 33Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։ 34Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։
35Այն ամենը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերյալ, կկատարես։ Յոթ օր կկատարես նրանց ձեռքերի սրբագործումը։ 36Սրբագործման յուրաքանչյուր օր մեկական զվարակ կզոհես՝ իբրև մեղքերի քավության զոհ։
37Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
Ամենօրյա ընծաներ
(Թվ. 28.1-8)
38«Ահա թե ի՛նչ պիտի զոհես զոհասեղանի վրա. ամեն օր, մշտապես, արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ. դա ամենօրյա զոհաբերություն պիտի լինի։ 39Գառներից մեկը կզոհես առավոտյան, իսկ մյուս գառը կզոհես երեկոյան։ 40Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։ 41Երկրորդ գառը կզոհես երեկոյան այնպես, ինչպես առավոտյան զոհված գառը՝ բերելով նույն ընծաները՝ որպես անուշահոտ ընծա Տիրոջ համար։ 42Այս ամենօրյա զոհաբերությունը պիտի լինի մշտապես, Վկայության խորանի դռանը՝ Տիրոջ առաջ, որտեղ ես քեզ կհայտնվեմ և կխոսեմ քեզ հետ։ 43Այնտեղ պիտի երևամ Իսրայելի որդիներին, ու պիտի հայտնվի իմ սրբությունը փառքով։ 44Ես պիտի սրբագործեմ Վկայության խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի նրանք ինձ համար քահանայություն անեն։ 45Այսպիսով Իսրայելի որդիները կկանչեն ինձ, և ես կլինեմ նրանց Աստվածը։ 46Եվ նրանք կիմանան, որ ես՝ Տերը՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի եգիպտացիների երկրից, պիտի բնակվեմ նրանց մեջ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 29: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք