ԵԼՔ 4

4
Աստված Մովսեսին հրաշագործության կարողություն է տալիս
1Պատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե չհավատան ինձ և իմ ձայնին ականջ չդնեն՝ ասելով. “Աստված քեզ չի երևացել”, ի՞նչ ասեմ նրանց»։ 2Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։ 3Եվ ասաց. «Գցի՛ր դա գետնին»։ Եվ գցեց այն գետնին, և օձ դարձավ, ու Մովսեսը փախավ դրանից։ 4Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր դրա պոչից»։ Մովսեսը ձեռքը երկարեց ու բռնեց պոչից, և գավազան դարձավ իր ձեռքում։ 5«Սա՝ որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է Տերը՝ նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։
6Տերը դարձյալ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Եվ ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը բորոտությունից սպիտակեց, ինչպես ձյունը։ 7Եվ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Ձեռքը դրեց ծոցը, ապա այն հանեց իր ծոցից, և ձեռքը նորից ստացավ իր մարմնի գույնը։ 8Եվ ասաց. «Եթե չհավատան քեզ և չանսան առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանի ձայնին։ 9Եթե պատահի, որ չհավատան այդ երկու նշաններին էլ և չանսան քո ձայնին, ապա գետի ջրից կվերցնես, կթափես ցամաքին, և գետից վերցրած ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»։
10Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ, և սա ոչ թե երեկվանից կամ նախանցյալ օրվանից, և ոչ էլ այն պահից, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ»։ 11Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։ 12Արդ, գնա՛, և ես կբացեմ քո բերանը. դու կասես այն, ինչ պետք է ասել»։ 13Եվ ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մեկ այլ կարող մարդո՛ւ ընտրիր ուղարկելու համար»։ 14Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն կխոսի։ Ահա նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ կուրախանա։ 15Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։ 16Նա քո անունից կխոսի ժողովրդի հետ, քեզ բերան կլինի, իսկ դու նրան կխոսես Աստծու անունից։ 17Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով հրաշքներ կգործես»։
Մովսեսը վերադառնում է Եգիպտոս
18Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։
19Բազում օրեր անց վախճանվեց եգիպտացիների արքան։ Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մահացան բոլոր նրանք, ովքեր փնտրում էին քեզ»։ 20Եվ Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս։ Մովսեսն իր ձեռքում ուներ այն գավազանը, որ Աստված էր տվել իրեն։ 21Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։ 22Եվ դու կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. “Իսրայելն իմ անդրանիկ որդին է։ 23Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։
24Եվ եղավ, որ ճանապարհին՝ իջևանատանը, նրան հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։ 25Սեպփովրան, վերցնելով մի գայլախազ, կտրեց իր որդու թլիփը, նետեց նրա ոտքերի տակ և ասաց. «Արյան փեսա եղար ինձ համար»։ 26Հրեշտակը հեռացավ նրանից, քանի որ նա թլփատության համար ասել էր. «Արյան փեսա»#Սիմվոլիկ արտահայտություն թլփատության հին ծեսից։։
27Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։ 28Մովսեսն Ահարոնին պատմեց այն մասին, թե ինչպե՛ս Տերը առաքեց իրեն և հայտնեց այն նշանների մասին, որ պատվիրել էր իրեն անել։ 29Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին ու հավաքեցին Իսրայելի որդիների ողջ ավագանուն։ 30Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր պատգամները, որ Տերը հայտնել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի առաջ ցույց տվեց նշանները։ 31Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք