ԵԼՔ 5

5
Մովսեսը և Ահարոնը փարավոնի առջև
1Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։ 2Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։ 3Նրան ասացին. «Եբրայեցիների Աստվածը մեզ կանչել է իր մոտ։ Արդ, դեպի անապատ երեք օրվա ճանապարհ ունենք գնալու, որպեսզի զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, այլապես մեզ մահ կամ սպանություն կարող է պատահել»։ 4Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Ինչո՞ւ եք դուք, Մովսե՛ս և Ահարո՛ն, ժողովրդին կտրում իրենց գործից։ Ամեն մեկդ ձեր գործի՛ն գնացեք»։ 5Եվ փարավոնն ասաց. «Ահա երկրիս մեջ խիստ բազմանում է այս ժողովուրդը. արդ նրանց գործից չկտրենք»։
6Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու դպիրներին հրամայեց՝ ասելով. 7«Այդ մարդկանց այլևս հարդ չտաք աղյուս շինելու համար, ինչպես որ երեկ էր և նախանցյալ օրը։ Իրենք թող գնան ու իրենց համար հարդ հավաքեն։ 8Սակայն աղյուսների քանակը, ինչպես որ միշտ կար, նույնքան պահանջե՛ք նրանցից և մի՛ պակասեցրեք, որովհետև պարապ են մնում և այդ պատճառով էլ աղաղակում են ու ասում. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։ 9Թող այդ մարդկանց գործը ծանրանա, որպեսզի դրանով զբաղվեն և ոչ թե դատարկ բաների մասին մտածեն»։ 10Ժողովրդի գործավարներն ու դպիրները ճնշում էին նրանց. նրանք խոսեցին ժողովրդի հետ ու ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ այլևս հարդ չեմ տա։ 11Դուք ինքներդ գնացե՛ք, որտեղից ուզում եք, ձեզ համար հա՛րդ հավաքեք, բայց սահմանված չափից ոչինչ չպիտի պակասի”»։ 12Եվ ժողովուրդը սփռվեց եգիպտացիների երկրով մեկ, որպեսզի եղեգ հավաքի հարդ պատրաստելու համար։ 13Իսկ գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր պատրաստածը պետք է հաստատված չափով լինի, այնքան, որքան պատրաստում էիք այն ժամանակ, երբ ձեզ հարդ էին տալիս»։ 14Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն անգամ տանջանքի էին ենթարկվում փարավոնի վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այնքան աղյուս չեք տալիս այսօր, որքան երեկ էր և առաջի օրը»։
15Եվ Իսրայելի որդիներից նշանակված գործավարները բողոք բարձրացրին փարավոնի առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ 16Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղյուս շինենք։ Ահա քո ծառաները տանջանքի մեջ են։ Անիրավում ես քո ժողովրդին»։ 17Եվ նրանց ասաց. «Դուք ծույլ ու անբան մարդիկ եք, դրա համար էլ ասում եք. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։ 18Արդ, գնացեք աշխատե՛ք, որովհետև ոչ ոք ձեզ հարդ չի տալու, բայց դուք աղյուսի սահմանված քանակը պետք է տաք»։
19Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն իրենք իրենց տեսան չարչարանքի մեջ և ասացին. «Ոչ ոք չի նվազեցնի մեր՝ աղյուս շինելու ամենօրյա քանակը»։ 20Նրանք հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին, որոնք, փարավոնի մոտից ելնելով, գալիս էին դեպի իրենք։ 21Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։
Մովսեսը գանգատվում է Աստծուն
22Եվ Մովսեսը, դառնալով դեպի Տերը, ասաց. «Տե՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ 23Այն բանից հետո, երբ մտա փարավոնի մոտ քո անունից խոսելու, չարչարեց ժողովրդին, և դու չփրկեցիր քո ժողովրդին»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք