ԵԼՔ 9

9
5. Անասունների կոտորածը
1Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ ու նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։ 2Իսկ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին և շարունակես պահել նրան, 3Տիրոջ ձեռքը կիջնի դաշտերում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ 4Ես կզատորոշեմ եգիպտացիների հոտերը Իսրայելի որդիների հոտերից, և Իսրայելի որդիներից ոչինչ չի կորչի”»։ 5Եվ Աստված ժամ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տերը կիրագործի այդ բանը երկրի վրա»։ 6Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չոչնչացավ։ 7Թեև փարավոնը տեսավ, որ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացավ նրա սիրտը, և նա ժողովրդին չարձակեց։
6. Խոցեր
8Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Ձեր լիքը ձեռքով հնոցի մոխի՛ր վերցրեք, և Մովսեսը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ այն դեպի երկինք թող ցանի։ 9Եվ եգիպտացիների ողջ երկիրը կծածկվի փոշով։ Մարդկանց ու անասունների վրա խոցեր կառաջանան, մարդկանց ու անասունների վրա վերքեր կելնեն եգիպտացիների ողջ երկրով մեկ»։ 10Նրանք հնոցի մոխիր վերցրին, և Մովսեսը փարավոնի առաջ այն դեպի երկինք ցանեց։ Եվ մարդկանց ու անասունների վրա խոցեր և այրվող վերքեր առաջացան։ 11Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։ 12Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և ինչպես ասել էր Տերը Մովսեսին, փարավոնը չլսեց նրանց։
7. Կարկուտ
13Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան կանգնի՛ր փարավոնի առաջ ու նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ, 14որովհետև այս անգամ ամեն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաև քեզ, քո պաշտոնյաներին ու քո ժողովրդին, որպեսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։ 15Եթե իմ ձեռքը երկարելով՝ մահվամբ հարվածեմ քեզ ու քո ժողովրդին, կվերանաս երկրից։ 16Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։ 17Եվ դու տակավին պիտի շարունակես չարչարե՞լ իմ ժողովրդին։ 18Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։ 19Արդ, շտապի՛ր հավաքել քո անասունները և այն ամենը, ինչ ունես դաշտում, որովհետև դաշտում գտնվող ու դեռևս տուն չմտած մարդկանց ու անասունների վրա կարկուտ է թափվելու և ոչնչացնելու է նրանց”»։ 20Փարավոնի պաշտոնյաներից նա, ով վախեցավ Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու անասունները տուն արեց, 21իսկ ով չանսաց Տիրոջ խոսքին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։
22Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ երկարի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի եգիպտացիների երկրի վրա, ինչպես նաև մարդկանց ու անասունների և եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բույսերի վրա»։ 23Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, ու երկրի վրա սկսեց կրակ թափվել։ Տերը կարկուտ տեղացրեց եգիպտացիների ողջ երկրի վրա։ 24Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։ 25Կարկուտը հարվածեց եգիպտացիների ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտում եղած ողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։ 26Սակայն Իսրայելի որդիների ապրած Գեսեմ երկրում կարկուտ չտեղաց։ 27Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի։ Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ ամբարիշտ։ 28Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։ 29Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։ 30Բայց գիտեմ, որ դու և քո պաշտոնյաները դեռևս չեք վախենում Տիրոջից՝ Աստծուց»։ 31Կտավատն ու գարին կարկտահարվեցին, որովհետև գարին հասած էր, կտավատը՝ սերմնակալած, 32իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետև դեռ չէին հասունացել։
33Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։ 34Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտն ու որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. կարծրացրեց իր ու իր պաշտոնյաների սրտերը։ 35Եվ այսպիսով փարավոնի սիրտը կարծրացավ, ու նա չարձակեց Իսրայելի որդիներին, ինչպես հայտնել էր Տերը Մովսեսի միջոցով։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 9: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք