ԾՆՈՒՆԴ 21

21
Իսահակի ծնունդը
1Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։ 2Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ 3Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց իր համար, Իսահակ դրեց։ 4Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդուն՝ Իսահակին, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։ 5Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ունեցավ իր որդի Իսահակին։ 6Սառան ասաց. «Աստված ուրախություն պարգևեց ինձ, և ով լսի այդ մասին, ինձ հետ կուրախանա»։ 7Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է սնելու, քանի որ իմ ծերության ժամանակ որդի ծնեցի»։ 8Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
Ագարի և Իսմայելի արտաքսումը
9Սառան, տեսնելով, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, 10ասաց Աբրահամին. «Վռնդի՛ր այս աղախնին և նրա որդուն, որպեսզի այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգակից չլինի»։ 11Աբրահամին ծանր թվաց իր որդու մասին ասվածը։ 12Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու, 13բայց այս աղախնու որդուն էլ մեծ ազգ կդարձնեմ, որովհետև քո սերմից է»։ 14Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։ 15Տիկի ջուրն սպառվեց. մայրը մանկանը թողեց մի եղևնու տակ, 16ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։ 17Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։ 18Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մանկանը, ձե՛ռքդ առ նրան, որովհետև նրան մեծ ազգ եմ դարձնելու»։ 19Աստված բացեց նրա աչքերը, և տեսավ կենդանի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց մանկանը։ 20Աստված մանկան հետ էր. նա հասակ առավ, դարձավ աղեղնավոր 21և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։
Աբրահամի և Աբիմելեքի համաձայնությունը
22Այդ ժամանակներում Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։ 23Արդ, երդվի՛ր ինձ Աստծու անունով, որ չես մեղանչի իմ, իմ ժառանգների և իմ անվան դեմ, այլ այն ուղիղ ձևով, որ վարվեցի քեզ հետ, նույնպես և դու կվարվես իմ և այն երկրի նկատմամբ, որտեղ բնակվում ես»։ 24Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ 25Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։ 26Աբիմելեքը նրան ասաց. «Ես չեմ իմացել, թե ո՛վ է արել այդ, իսկ դու չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»։ 27Աբրահամն արջառներ ու ոչխարներ վերցրեց, տվեց Աբիմելեքին, և երկուսն իրար հետ ուխտ կնքեցին։ 28Աբրահամը յոթ որոջ առանձնացրեց։ 29Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են այս յոթ որոջները, որոնց առանձնացրիր»։ 30Աբրահամը պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։ 31Այդ պատճառով էլ այդ վայրը կոչվեց Երդման ջրհոր, որովհետև այնտեղ նրանք միմյանց երդում տվեցին։ 32Եվ համաձայնություն կնքեցին Երդման ջրհորի մոտ։ Այնուհետև Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը վեր կացան ու վերադարձան փղշտացիների երկիրը։ 33Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։ 34Աբրահամը որպես պանդուխտ երկար ժամանակ փղշտացիների երկրում ապրեց։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 21: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք