ԾՆՈՒՆԴ 22

22
Աստված փորձում է Աբրահամին
1Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ 2Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։ 3Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ 4Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը։ 5Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ 6Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ 7Իսահակն ասաց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Նա ասաց. «Ի՞նչ է, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա կրակը և ահա փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի ոչխարը»։ 8Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին 9ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։ 10Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն։ 11Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ 12Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։
13Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։ 14Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ» [𝕸 Եհովա-յիռե], և մինչև այսօր էլ ասում են՝ «Այդ լեռան վրա Տերը երևաց»։ 15Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տվեց Աբրահամին և ասաց. 16«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, 17անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին, 18քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև անսացիր իմ ձայնին»։
19Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
Նաքովրի սերունդը
20Այս ամենից հետո Աբրահամին հայտնեցին. «Մեղքան քո եղբայր Նաքովրի համար որդիներ է ծնել՝ 21Ովքին՝ նրա անդրանիկին, Բավին՝ նրա եղբորը, Կամուելին՝ ասորիների նախահորը, 22Քասադին, Ազավին, Փաղդասին, Հետդափին և Բաթուելին։ 23Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։ 24Նրա հարճը, որի անունը Ռեեմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Գաամին, Տոքոսին և Մովքային»։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 22: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք