ԾՆՈՒՆԴ 23

23
Սառայի մահը և թաղումը
1Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ 2Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։ 3Աբրահամը վեր կացավ իր ննջեցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց. 4«Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։ 5Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով. 6«Լսի՛ր մեզ, տե՛ր։ Դու մեզ համար Աստծու կողմից ուղարկված իշխան ես։ Քո ննջեցյալին թաղի՛ր մեր լավագույն գերեզմաններից մեկում, որովհետև մեզնից ոչ մեկը չի հրաժարվի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»։ 7Աբրահամը ոտքի ելավ և գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։ 8Նրանց դիմելով՝ Աբրահամն ասաց. «Եթե դուք համաձայն եք, որ իմ ննջեցյալին թաղեմ ձեզ մոտ, լսե՛ք ինձ և խոսե՛ք Սահառի որդի Եփրոնի հետ, 9որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։ 10Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների, 11և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։ 12Աբրահամը գլուխ խոնարհեց երկրի ժողովրդի առաջ, 13Եփրոնի հետ խոսեց ի լուր երկրի ժողովրդի և ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ արծաթ կտամ ագարակի դիմաց։ Վերցրո՛ւ այն ինձնից, և ես այնտեղ կթաղեմ իմ ննջեցյալին»։ 14Եփրոնն Աբրահամին պատասխանեց և ասաց. 15«Ո՛չ, տե՛ր իմ, անշուշտ լսել եմ, որ հողամասը չորս հարյուր սատեր արծաթ արժե։ Բայց այդ ի՞նչ է որ իմ ու քո միջև։ Դու թաղի՛ր քո ննջեցյալին»։ 16Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։ 17Եվ Եփրոնի ագարակը՝ զույգ քարայրներով, որ Մամբրեի կաղնու դիմաց էր, թե՛ ագարակը և թե՛ նրա մեջ գտնվող քարայրը, ագարակի և նրա սահմանի բոլոր ծառերը 18Քետի որդիների և բոլոր քաղաք մտնողների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփականություն։ 19Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։ 20Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 23: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք