ԾՆՈՒՆԴ 27

27
Հակոբն ստանում է Իսահակի օրհնությունը
1Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։ 2Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ, թե ե՛րբ պիտի մեռնեմ։ 3Արդ, վերցրո՛ւ քո զենքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ և ինձ համար ո՛րս արա, 4պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։ 5Ռեբեկան լսեց, որ Իսահակը խոսում էր իր որդու հետ։ Եվ երբ Եսավը գնաց դաշտ՝ որս անելու իր հոր համար, 6Ռեբեկան ասաց իր որդուն՝ Հակոբին. «Ահա ես լսեցի, թե ինչպե՛ս էր քո հայրն ասում քո եղբորը. 7“Ինձ ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ չեմ մահացել”։ 8Արդ, որդյա՛կ իմ, լսի՛ր ինձ, թե ի՛նչ եմ ասում քեզ։ 9Գնա՛ և հոտի միջից երկու մատղաշ ու ընտիր ո՛ւլ բեր ինձ, որ դրանցով քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ 10Դու այն կմատուցես քո հորը, որ ուտի և նախքան մեռնելն օրհնի քեզ»։ 11Հակոբն ասաց իր մորը՝ Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը թավ մազերով մարդ է, իսկ ես՝ լերկ։ 12Եթե իմ հայրը ինձ շոշափի, կհամարի, թե իրեն չեմ հարգում, և այն ժամանակ օրհնության փոխարեն անեծք կստանամ»։ 13Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ վրա գա այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ. գնա՛ և բե՛ր»։ 14Եվ գնաց, բերեց ու տվեց իր մորը, և նա պատրաստեց այնպես, ինչպես որ սիրում էր նրա հայրը։ 15Ապա Ռեբեկան վերցրեց իր երեց որդու լավագույն զգեստը, որ պահված էր իր մոտ՝ տանը, հագցրեց Հակոբին՝ իր կրտսեր որդուն, 16ուլի մորթին փաթաթեց նրա թևերին ու մերկ պարանոցին 17և իր պատրաստած խորտիկներն ու հացը տվեց նրա ձեռքը։ 18Հակոբը դրանք տարավ իր հորն ու ասաց. «Հա՛յր իմ»։ Նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ։ Դու ո՞վ ես, որդյա՛կ»։ 19Հակոբն ասաց հորը. «Եսավն եմ՝ քո անդրանիկը։ Արեցի այն, ինչ ասացիր ինձ։ Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։ 20Իսահակն ասաց որդուն. «Ինչպե՞ս այդքան շուտ գտար, որդյա՛կ»։ Նա պատասխանեց. «Տերը՝ քո Աստվածը, իմ առջև բերեց այն»։ 21Իսահակն ասաց Հակոբին. «Մո՛տ արի, որ շոշափեմ քեզ, որդյա՛կ, որպեսզի տեսնեմ, թե դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։ 22Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին. նա շոշափեց նրան ու ասաց. «Թեև ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ 23Եվ չճանաչեց նրան, որովհետև նրա ձեռքերն իր եղբայր Եսավի ձեռքերի նման մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։ 24Եվ ասաց. «Դու իմ որդի Եսա՞վն ես»։ Նա պատասխանեց. «Ես եմ»։ 25Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։ 26Ապա Իսահակը՝ նրա հայրը, ասաց նրան. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։ 27Հակոբը մոտեցավ, համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով.
«Իրապես իմ որդու բուրմունքը
նման է բուրմունքին բարեբեր անդաստանի,
որ օրհնված է Տիրոջ կողմից։
28Թող Աստված քեզ տա երկնքի ցող,
երկրի բերրիություն, ցորենի ու գինու առատություն։
29Թող քեզ ժողովուրդներ ծառայեն,
և իշխաններ գլուխ խոնարհեն։
Տեր լինես քո եղբորը,
և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։
Քեզ անիծողը թող անիծյալ լինի,
իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Եսավը խնդրում է Իսահակի օրհնությունը
30Երբ Իսահակն ավարտեց իր որդի Հակոբին օրհնելը, և Հակոբը գնաց իր հայր Իսահակի մոտից, որսից եկավ Եսավը՝ նրա եղբայրը։ 31Նա ևս խորտիկներ պատրաստեց, մատուցեց իր հորը և ասաց նրան. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու որսից, որպեսզի օրհնի ինձ»։ 32Իսահակը՝ նրա հայրը, հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»։ Նա պատասխանեց. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկ որդին»։ 33Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։ 34Երբ Եսավը լսեց Իսահակի՝ իր հոր խոսքերը, բարձր և շատ դառնացած ձայնով աղաղակեց ու ասաց. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ 35Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկավ և նենգությամբ առավ քո օրհնությունը»։ 36Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանիկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»։ Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։ 37Իսահակը նրան պատասխանեց. «Քանի որ նրան քեզ տեր դարձրի և քո բոլոր եղբայրներին՝ նրան ծառաներ, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որդյա՛կ»։ 38Եսավը հարցրեց հորը. «Մի՞թե մեկ օրհնություն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Իսահակի սիրտը մղկտաց, իսկ Եսավը բարձրաձայն լաց եղավ։ 39Իսահակն ասաց.
«Քո բնակության վայրը կախված պիտի լինի
երկրի պարարտությունից և երկնքի ցողից։
40Քո սրի միջոցով պիտի ապրես
և քո եղբորը պիտի ծառայես։
Բայց կգա ժամանակ, երբ կքանդես
ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
41Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։ 42Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու մտադրության մասին։ Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։ 43Արդ, լսի՛ր իմ խոսքը, որդյա՛կ. վե՛ր կաց, գնա՛ Միջագետք՝ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ 44Նրա մոտ բնակվիր այնքա՛ն ժամանակ, մինչև որ անցնեն քո եղբոր՝ քո նկատմամբ տածած զայրույթն 45ու ցասումը, և մոռանա այն, ինչ արեցիր նրան։ Ապա մարդ կուղարկեմ և կկանչեմ քեզ այնտեղից. չլինի թե ձեր երկուսից էլ զրկվեմ նույն օրը»։
ՀԱԿՈԲԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(27.46–35.29)
Իսահակը Հակոբին ուղարկում է Լաբանի մոտ
46Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 27: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք