ԾՆՈՒՆԴ 29

29
Հակոբը և Ռաքելը
1Հակոբը ելավ գնաց դեպի արևելք՝ Լաբանի՝ ասորի Բաթուելի որդու, Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։ 2Նա նայեց և դաշտի մեջ մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարի երեք հոտ էր մակաղել, քանի որ այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար էր դրված։ 3Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։ 4Հակոբը նրանց հարցրեց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։ 5Կրկին հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ եք Նաքովրի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։ 6Հարցրեց նրանց. «Ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ է»։ Այդ ժամանակ Լաբանի դուստր Ռաքելը գալիս էր հոտերի հետ։ 7Հակոբն ասաց. «Դեռ շուտ է հոտերը հավաքելու համար, ջո՛ւր տվեք դրանց և տարե՛ք արածեցնելու»։ 8Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հովիվները չհավաքվեն և ջրհորի բերանից քարը չգլորեն. այդ ժամանակ ջուր կտանք ոչխարներին»։ 9Մինչ նա խոսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստրը՝ Ռաքելը, եկավ իր հոր հոտերի հետ, որովհետև նա էր արածեցնում իր հոր հոտերը։ 10Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի հոտերը, մոտեցավ, ջրհորի բերանից գլորեց քարը և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։ 11Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ։ 12Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։ 13Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։ 14Լաբանը նրան ասաց. «Դու իմ ոսկորներից և իմ մարմնից ես»։ Եվ Հակոբը մեկ ամիս մնաց նրա մոտ։
15Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ 16Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։ 17Լիայի աչքերը հիվանդ էին, մինչդեռ Ռաքելը բարետես էր և գեղեցիկ։ 18Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։ 19Եվ Լաբանը նրան ասաց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան օտար մարդու։ Բնակվի՛ր ինձ հետ»։ 20Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։ 21Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։ 22Լաբանը հավաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։ 23Երբ մութն ընկավ, Լաբանն առավ իր դուստր Լիային, տարավ Հակոբի մոտ, և Հակոբը պառկեց նրա հետ։ 24Լաբանն իր աղախին Զելփային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Լիային։ 25Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։ 26Լաբանը պատասխանեց. «Մեր երկրում ընդունված չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։ 27Արդ, շաբաթն ապրի՛ր Լիայի հետ, և Ռաքելին էլ կտամ քեզ ևս յոթ տարի աշխատելու պայմանով»։ 28Հակոբն ընդունեց այդ առաջարկը. շաբաթն ապրեց նրա հետ, և Լաբանն իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան։ 29Լաբանն իր աղախին Բալլային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ 30Հակոբը մերձեցավ Ռաքելին, նրան Լիայից ավելի սիրեց և նրա համար ծառայեց ևս յոթ տարի։
Հակոբի որդիները
31Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։ 32Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։ 33Լիան կրկին հղիացավ, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը դրեց Շմավոն։ 34Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։ 35Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 29: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք