ԾՆՈՒՆԴ 3
3
1Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։ 2Կինը պատասխանեց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, 3բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։ 4Օձն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի, 5այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։ 6Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։ 7Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։
8Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։ 9Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես»։ 10Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի»։ 11Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։ 12Ադամն ասաց. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա»։ 13Տերը՝ Աստված, ասաց կնոջը. «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և կերա»։
14Եվ Տերը՝ Աստված, ասաց օձին. «Քանի որ այդ արեցիր, անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում։ 15Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ 16Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ 17Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը, 18փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ 19Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
20Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [𝕸 Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։ 21Եվ Տերը՝ Աստված, Ադամի ու նրա կնոջ համար կաշվե հագուստներ պատրաստեց և հագցրեց նրանց։
22Տերը՝ Աստված, ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզանից՝ ճանաչելով բարին և չարը։ Արդ, միգուցե երկարի ձեռքը և պոկի կենաց ծառից, ուտի և ապրի հավիտյան»։ 23Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ 24Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Արդեն Ընտրված.
ԾՆՈՒՆԴ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն