ԾՆՈՒՆԴ 30

30
1Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։ 2Հակոբը բարկացավ Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե ես եմ Աստված, որ քեզ ամուլ դարձրեց»։ 3Իսկ Ռաքելը Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բալլան, մերձեցի՛ր նրան. նա թող ծնի իմ ծնկների վրա, և ես նրա շնորհիվ որդիներ կունենամ»։ 4Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։ 5Ռաքելի նաժիշտ Բալլան հղիացավ և որդի ծնեց Հակոբի համար։ 6Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։ 7Ռաքելի նաժիշտ Բալլան կրկին հղիացավ և երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։ 8Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։ 9Երբ Լիան տեսավ, որ այլևս չի կարողանում ծնել, իր նաժիշտ Զելփային տվեց Հակոբին կնության։ 10Լիայի նաժիշտ Զելփան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ 11Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը դրեց Գադ։ 12Լիայի նաժիշտ Զելփան կրկին հղիացավ և երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։ 13Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
14Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց դաշտ, այնտեղ մանրագորի պտուղներ գտավ և դրանք բերեց իր մորը՝ Լիային։ Ռաքելն ասաց իր քրոջը՝ Լիային. «Քո որդու մանրագորի պտուղներից տո՛ւր ինձ»։ 15Լիան պատասխանեց. «Բավական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու բերա՞ծն ես ուզում վերցնել»։ Ռաքելն ասաց. «Այդպես չէ։ Քո որդու մանրագորի պտուղների փոխարեն թող Հակոբն այս գիշեր քնի քեզ հետ»։ 16Երբ երեկոյան Հակոբը դաշտից վերադարձավ, Լիան ընդառաջ ելավ նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի քնես, որովհետև իմ որդու մանրագորի պտուղներով վարձեցի քեզ»։ Հակոբն այդ գիշեր քնեց Լիայի հետ։ 17Աստված լսեց Լիայի աղաչանքը. նա հղիացավ և Հակոբի համար ծնեց հինգերորդ որդին։ 18Լիան ասաց. «Աստված վարձահատույց եղավ ինձ, որովհետև իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է «վարձ»։ 19Լիան մի անգամ էլ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդին։ 20Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։ 21Դրանից հետո նա աղջիկ ծնեց և նրա անունը դրեց Դինա։ 22Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։ 23Նա հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Ռաքելն ասաց. «Աստված ինձնից վերացրեց իմ նախատինքը»։ 24Եվ նրա անունը դրեց Հովսեփ՝ ասելով. «Աստված թող ինձ մի որդի ևս պարգևի»։
25Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։ 26Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։ 27Լաբանը նրան ասաց. «Շնորհ գտա քո առաջ. կարող եմ ասել, որ Աստված օրհնեց ինձ քո գալստյամբ։ 28Սահմանի՛ր քո վարձը, և ես կտամ»։ 29Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե որքա՛ն ծառայեցի քեզ, և քո ոչխարներից ինչքա՛ն կար ինձ մոտ։ 30Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։ 31Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասեմ քեզ, դարձյալ կարածեցնեմ ու կպահեմ քո հոտերը։ 32Այսօր թող քո առջևով անցնի քո ողջ հոտը, և դու առանձնացրո՛ւ բոլոր խայտաճամուկ ու գորշ ոչխարները և բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը, և դրանք թող լինեն իմ վարձը։ 33Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։ 34Լաբանը նրան ասաց. «Թող քո խոսքի համաձայն լինի»։ 35Եվ այդ օրն առանձնացրեց կիսաճերմակ ու պտավոր նոխազները, բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը և բոլոր սպիտակ [𝕸 սև] ու գորշ ոչխարներն ու այծերը և տվեց իր որդիներին 36ու նրանց ուղարկեց Հակոբից երեք օրվա հեռու ճանապարհ։ Հակոբը շարունակեց արածեցնել Լաբանի մնացած հոտերը։
37Հակոբն առավ խնկենու, ընկուզենու և սոսու դալար ճյուղեր ու շերտ առ շերտ հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը։ 38Քերծած գավազանները դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն։ 39Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու կիսասպիտակ գառներ։ 40Հակոբը գառներն առանձնացնում էր ու պահում մաքիներից բաժան, ինչպես նաև՝ կիսաճերմակ խոյերն ու բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հոտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հոտերին։ 41Երբ գալիս էր մաքիների զուգավորվելու և հղիանալու ժամանակը, Հակոբը գավազանները դնում էր մաքիների դիմաց՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք բեղմնավորվեն գավազանների մոտ։ 42Իսկ երբ մաքիները ծնում էին, այլևս չէր դնում։ Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականությունը, իսկ նշան ունեցողները՝ Հակոբի։ 43Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 30: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք