ԾՆՈՒՆԴ 37

37
ՀՈՎՍԵՓԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(37.1–50.26)
1Հակոբը բնակվում էր այն երկրում, որտեղ պանդուխտ էր եղել իր հայրը, այսինքն՝ քանանացիների երկրում։ 2ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին#Եբր. և հուն.Հովսեփը նրանց չարախոսությունները հայտնում էր հորը։։ 3Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։ 4Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իր բոլոր որդիներից ավելի է սիրում, ատեցին նրան և նրա հետ այլևս չէին կարողանում հանդարտորեն խոսել։ 5Մի օր Հովսեփը մի երազ տեսավ ու այն պատմեց իր եղբայրներին, և նրան առավել ևս ատեցին։ 6Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։ 7Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։ 8Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։ 9Նա այլ երազ ևս տեսավ և այն պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Նա ասաց. «Ահա այլ երազ ևս տեսա. իբր արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ»։ 10Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Գուցե ես, քո մայրը և քո եղբայրները պիտի գանք և երկրպագե՞նք քեզ»։ 11Նրա եղբայրները նախանձեցին նրան, իսկ հայրը մտքում պահում էր նրա պատմածը։
Հովսեփը վաճառվում և տարվում է Եգիպտոս
12Նրա եղբայրները գնացին իրենց հոր ոչխարներն արածեցնելու Սյուքեմում։ 13Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։ 14Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ 15և մինչ դաշտում դես ու դեն էր անում, մի մարդ տեսավ նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ 16Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։ 17Մարդը նրան ասաց. «Նրանք այստեղից գնացին, բայց ես լսեցի, որ ասում էին. “Գնանք Դովթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դովթայիմում։ 18Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։ 19Եվ միմյանց ասացին. «Ահա երազատեսը գալիս է։ 20Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ 21Ռուբենը, լսելով այդ, փորձեց նրանց ձեռքից ազատել նրան և ասաց. «Եկեք սրան չսպանենք»։ 22Եվ ավելացրեց. «Եկեք արյուն չթափենք, այլ գցե՛ք նրան անապատի այս գուբերից մեկի մեջ, բայց ձեռք մի՛ բարձրացրեք նրա վրա»։ Այդպես էր ասում, որպեսզի նրան փրկեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։ 23Երբ Հովսեփը հասավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը 24և նրան նետեցին մի գուբի մեջ։ Այն դատարկ էր, մեջը ջուր չկար։ 25Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։ 26Եվ Հուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ 27Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։ 28Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։ 29Երբ Ռուբենը եկավ դեպի գուբը և Հովսեփին այնտեղ չգտավ, պատառոտեց իր հագուստները, 30վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»։ 31Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ 32և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։ 33Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։ 34Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։ 35Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։ 36Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 37: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք