ԾՆՈՒՆԴ 38

38
Հուդան և Թամարը
1Այդ ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և եկավ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։ 2Հուդան այնտեղ տեսավ Շավա անունով մի քանանացու դստերը։ Նրան կին առավ և մերձեցավ նրան։ 3Նա հղիացավ, որդի ծնեց և նրան անվանեց Էր։ 4Կրկին հղիացավ, ծնեց որդի և նրան անվանեց Օնան։ 5Մի որդի էլ ծնեց և նրան անվանեց Սելովմ։ Նա Քասբիում էր, երբ նրանց ծնեց։ 6Հուդան իր անդրանիկ որդու՝ Էրի համար կին առավ, որի անունը Թամար էր։ 7Հուդայի անդրանիկը՝ Էրը, մեղավոր գտնվեց Տիրոջ առջև, և Աստված սպանեց նրան։ 8Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, ամուսնացի՛ր նրա հետ և քո եղբորը ժառա՛նգ հասցրու»։ 9Քանի որ զավակն իրենը չէր լինելու, Օնանն իր եղբոր կնոջ հետ մերձենալիս սերմը թափեց գետնին, որպեսզի ժառանգ չթողնի իր եղբորը։ 10Եվ քանի որ Օնանի արածն Աստված չար համարեց, ուստի նրան էլ սպանեց։ 11Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։
12Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։ 13Այդ մասին հայտնեցին Թամարին՝ նրա հարսին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։ 14Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։ 15Երբ Հուդան տեսավ նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև նա երեսը ծածկել էր, և նրան չճանաչեց։ 16Իր ճանապարհը թեքելով դեպի նա՝ ասաց. «Թո՛ւյլ տուր՝ կենակցեմ քեզ հետ», որովհետև չճանաչեց, որ իր հարսն է։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ կենակցես ինձ հետ»։ 17Նա պատասխանեց. «Քեզ իմ հոտի այծերից մի ուլ կուղարկեմ»։ Իսկ նա ասաց. «Միայն եթե մինչև ուղարկելդ գրավ տաս»։ 18Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Մատանիդ, գինդդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Եվ կենակցեց նրա հետ՝ նրան հղի թողնելով։ 19Ապա վեր կացավ գնաց։ Իսկ Թամարը իր վրայից հանեց քողը և հագավ այրիության զգեստը։ 20Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։ 21Տեղի մարդկանց հարցրեց. «Որտե՞ղ է այն պոռնիկը, որ Ենանում էր, ճանապարհի վրա»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ որևէ պոռնիկ չի եղել»։ 22Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Նրան չգտա։ Տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չկա”»։ 23Հուդան ասաց. «Դրանք թող մնան, միայն թե ծաղրի չենթարկվենք։ Ես ուլն ուղարկեցի, բայց դու նրան չգտար»։
24Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։ 25Մինչ նրան տանում էին, Թամարը մարդ ուղարկեց իր սկեսրայրի մոտ՝ ասելով. «Ես հղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրավները»։ Եվ ավելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, գինդը և գավազանը»։ 26Հուդան ճանաչեց դրանք ու ասաց. «Նա ավելի արդար է, քան ես, որովհետև նրան իմ որդի Սելովմին կնության չտվեցի»։ Եվ այլևս նրա հետ չկենակցեց։ 27Երբ եկավ ծննդաբերելու ժամանակը, նրա որովայնում երկու զավակներ կային։ 28Ծննդաբերության պահին մեկը դուրս հանեց իր ձեռքը։ Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Սա առաջինը դուրս կգա»։ 29Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչպե՞ս, քո՞ շնորհիվ ճեղքվեց պատնեշը»։ Եվ նրան անվանեց Փարես։ 30Ապա դուրս եկավ նրա եղբայրը, որի ձեռքին կարմիր թելն էր կապված, և նրան անվանեց Զարա։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 38: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք