ԾՆՈՒՆԴ 40

40
Հովսեփը մեկնում է բանտարկյալների երազները
1Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։ 2Փարավոնը բարկացավ իր երկու պալատականների՝ տակառապետի ու մատակարարի վրա 3և նրանց բանտարկեց դահճապետի բանտում, այն բանտում, որտեղ Հովսեփն էր բանտարկված։ 4Բանտապետը նրանց վստահեց Հովսեփին, և նա հոգ էր տանում նրանց։ Որոշ ժամանակ բանտում մնալուց հետո 5միևնույն գիշերը եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը երազ տեսան։ 6Առավոտյան Հովսեփը մտավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք խռովված են։ 7Նա հարց տվեց փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Այսօր ձեր դեմքերն ինչո՞ւ են մռայլ»։ 8Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։ 9Տակառապետը Հովսեփին պատմեց իր երազը՝ ասելով. «Երազում իմ առջև մի որթատունկ երևաց։ 10Որթատունկն ուներ երեք շատ կանաչ ճյուղեր և հասուն խաղողի երեք ողկույզներ։ 11Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։ 12Հովսեփն ասաց նրան. «Դրա մեկնությունն այս է. երեք ճյուղերը երեք օրեր են։ 13Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։ 14Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից, 15որովհետև ինձ եբրայեցիների երկրից գողացան. այստեղ ոչինչ չարեցի, և ինձ գցեցին այս գուբը»։ 16Երբ մատակարարը տեսավ, որ հաջող մեկնեց, Հովսեփին ասաց. «Ես էլ եմ երազ տեսել։ Երազիս մեջ գլխիս վրա նաշիհով լի երեք զամբյուղ կար։ 17Վերևի զամբյուղի մեջ կային փարավոնի համար հացթուխների պատրաստած զանազան ուտելիքներ, և թռչուններն ուտում էին գլխիս վրա գտնվող զամբյուղից»։ 18Հովսեփը նրան ասաց. «Քո երազի մեկնությունն այս է. երեք զամբյուղները երեք օրեր են։ 19Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։ 20Երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր։ Փարավոնը խնջույք էր կազմակերպել իր բոլոր պաշտոնյաների համար։ Նա իր պաշտոնյաների շարքում հիշեց նաև իր տակառապետին ու մատակարարին։ 21Նա տակառապետին վերականգնեց իր պաշտոնին, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը, 22իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպես որ մեկնել էր Հովսեփը։ 23Սակայն տակառապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 40: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք