ԾՆՈՒՆԴ 42

42
Հովսեփի եղբայրները գնում են Եգիպտոս
1Երբ Հակոբը լսեց, որ եգիպտացիների երկրում ցորեն են վաճառում, իր որդիներին ասաց. «Ի՞նչ եք նստել։ 2Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։ 3Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։ 4Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չթողեց, որ իր եղբայրների հետ գնա, քանզի մտածեց. «Գուցե նրան փորձանք պատահի»։ 5Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։ 6Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։ 7Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։ 8Հովսեփը թեև ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք իրեն չճանաչեցին։ 9Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։ 10Նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր։ Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու։ 11Մենք ամենքս մի մարդու որդիներ ենք։ Խաղաղասեր մարդիկ ենք, մենք՝ քո ծառաները, լրտես չենք»։ 12Սակայն Հովսեփը կրկնեց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։ 13Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, մի մարդու որդիներ՝ քանանացիների երկրից։ Մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։ 14Հովսեփը նրանց ասաց. «Հենց դա է, որ ասացի ձեզ, թե լրտեսներ եք։ 15Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ 16Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։ 17Եվ երեք օր նրանց բանտարկեց։ 18Երրորդ օրը նրանց ասաց. «Ահա թե ինչ պիտի անեք, որպեսզի փրկվեք, որովհետև ես աստվածավախ եմ։ 19Եթե խաղաղասեր մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը 20և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։ 21Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։ 22Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։ 23Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, որովհետև նա թարգմանչով էր խոսում։ 24Առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ, ապա կրկին եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և նրանց ներկայությամբ շղթայեց Շմավոնին։ 25Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
26Նրանք, բարձելով իրենց էշերը, գնացին այնտեղից։ 27Նրանցից մեկը, իջևանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ, որ իր արծաթի քսակը դրված է իր պարկի բերանին։ 28Նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձվել է ինձ, ահա իմ պարկի մեջ է»։ Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։
29Նրանք եկան իրենց հոր՝ Հակոբի մոտ՝ քանանացիների երկիրը, և ամեն ինչ, որ պատահել էր իրենց հետ, պատմեցին նրան և ասացին. 30«Այն մարդը, որ երկրի տերն էր, մեզ հետ շատ խստորեն խոսեց և մեզ՝ իբրև այդ երկրի լրտեսների, բանտ նետեց։ 31Մենք նրան ասացինք. “Մենք խաղաղասեր մարդիկ ենք, լրտեսներ չենք։ 32Մենք տասներկու եղբայրներ ենք՝ նույն հոր որդիները։ Մեկն այլևս չկա, իսկ կրտսերն այս պահին մեր հոր մոտ է՝ քանանացիների երկրում”։ 33Երկրի տերն այն ժամանակ մեզ ասաց. “Կհավատամ, որ դուք խաղաղասեր մարդիկ եք, եթե ձեր եղբայրներից մեկին այստեղ՝ ինձ մոտ թողնեք, ձեր գնած ցորենը վերցնեք տանեք ձեր տուն 34և ձեր կրտսեր եղբորը բերեք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ խաղաղասեր մարդիկ եք, և ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք”»։ 35Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։ 36Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։ 37Ռուբենը, դիմելով հորը, ասաց. «Սպանի՛ր իմ երկու որդիներին, եթե Բենիամինին քեզ չվերադարձնեմ։ Նրան վստահի՛ր ինձ, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։ 38Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 42: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք