ՀՈՎՀԱՆՆԵՍ 13

13
Ոտնլվա
1Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։ 2Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։ 3Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ 4Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ 5Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ 6Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ 7Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։ 8Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ 9Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլև ձեռքերս ու գլուխս էլ լվա՛»։ 10Հիսուսը նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, պետք է միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ 11Որովհետև գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ 12Երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե այդ ի՛նչ արեցի ձեզ։ 13Դուք ինձ Վարդապետ ու Տեր եք կոչում և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ։ 14Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ 15Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։
16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը՝ ավելի մեծ, քան նա, ով ուղարկեց նրան։ 17Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։ 18Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝
“Ով ինձ հետ հաց էր ուտում,
իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։
19Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։
Հիսուսը խոսում է իր մատնության մասին
(Ղուկ. 22.21-23)
21Երբ Հիսուսն այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ 22Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թե ո՛ւմ մասին է ասում։ 23Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նստել էր նրա մոտ։ 24Սիմոն Պետրոսը նրան նշան արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ 25Եվ նա, Հիսուսի կրծքին ընկնելով, հարցրեց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ 26Հիսուսը պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան»։ Եվ թաթախելով պատառը՝ տվեց Իսկարիովտացի Հուդային։ 27Պատառն առնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Արդ, ինչ որ անելու ես, իսկո՛ւյն արա»։ 28Սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե նա ինչի՛ համար այդ ասաց նրան։ 29Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։ 30Իսկ նա, պատառը վերցնելով, իսկույն դուրս ելավ։ Եվ գիշեր էր...
Նոր պատվիրանը
31Երբ նա դուրս ելավ, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանով, 32քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։
33Որդյակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրեք, և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, և այժմ նույնը ձեզ էլ եմ ասում։
34Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, 35դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34)
36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից»։ 37Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող գալ քո հետևից. այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»։ 38Հիսուսը պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ ինձ ուրացած կլինես»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք