ՀՈՎՀԱՆՆԵՍ 20
20
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-8, Մրկ. 16.1-8, Ղուկ. 24.1-12)
1Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։ 2Անմիջապես վազեց եկավ Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին սիրում էր Հիսուսը, ու նրանց ասաց. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են դրել նրան»։ 3Պետրոսը և մյուս աշակերտը ելան ու գերեզման գնացին։ 4Երկուսով միասին էին վազում, բայց մյուս աշակերտն առաջ անցավ Պետրոսից, ավելի շուտ հասավ ու առաջինը գերեզման մտավ։ 5Եվ կռանալով տեսավ, որ կտավներն այնտեղ էին, բայց ներս չմտավ։ 6Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս. մտավ գերեզման ու տեսավ, որ կտավներն այնտեղ էին, 7բայց վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ հատուկ ծալված մի տեղում էր։ 8Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի շուտ էր գերեզման եկել. տեսավ ու հավատաց, 9քանի որ դեռ չէին հասկացել գրվածը. «Մեռելներից հարություն պիտի առնի»։ 10Աշակերտները նորից տուն գնացին։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49)
11Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսն ու լաց էր լինում։ Մինչ արտասվում էր, կռացավ դեպի գերեզմանը 12և սպիտակների մեջ երկու հրեշտակների տեսավ, որոնք նստել էին. մեկը՝ գլխի, իսկ մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել։ 13Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։ 14Երբ այս ասաց, թիկունքի կողմը շրջվեց ու տեսավ կանգնած Հիսուսին, բայց չէր իմանում, որ Հիսուսն է։ 15Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ 16Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։ 17Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։ 18Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։
19Նույն կիրակի օրվա երեկոյան էր։ Աշակերտները հրեաների վախի պատճառով հավաքվել էին մի տան մեջ ու փակել դռները։ Հանկարծ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղում ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 20Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը։ Աշակերտներն ուրախացան՝ Տիրոջը տեսնելով։ 21Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ 22Երբ այս ասաց, նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ 23Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։
Անհավատ Թովմասը
24Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։
26Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 27Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ 28Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ 29Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
30Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում այլ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ 31Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 20: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն