ՀՈՎՀԱՆՆԵՍ 21

21
1Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ 2Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։ 3Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։ 5Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ 8Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։ 9Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ 10Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11Սիմոն Պետրոսը նավակ մտավ ու ցամաք հանեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք շատ մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։ 12Հիսուսը նրանց ասաց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե՝ դու ո՞վ ես, որովհետև արդեն գիտեին, որ Տերն է։ 13Հիսուսը եկավ, հաց ու ձուկ վերցրեց և տվեց նրանց։ 14Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։
15Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ 16Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ 17Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ 18Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր որ չես կամենա»։ 19Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։
20Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, գալիս է իրենց հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 21Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա, սրան ի՞նչ կլինի»։ 22Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ հոգ դրանից. դու արի՛ իմ հետևից»։ 23Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուսը նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ «Ես կամենում եմ, որ նա ապրի, մինչև որ ես գամ»։ 24Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։
25Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք, եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե այս աշխարհը բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե գրված լինեին։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք