ՀՈՎՀԱՆՆԵՍ 4

4
Սամարացի կինը
1Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատերին է աշակերտ դարձնում և մկրտում, քան Հովհաննեսը 2(թեպետև ոչ թե Հիսուսն ինքն էր մկրտում, այլ նրա աշակերտները), 3թողեց Հրեաստանը և վերստին եկավ Գալիլեա։ 4Եվ պետք է անցներ Սամարիայով։ 5Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։ 6Այնտեղ էր Հակոբի աղբյուրը։ Եվ ահա Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Կեսօրին մոտ էր։
7Սամարիայից մի կին եկավ՝ ջուր հանելու. Հիսուսը նրան ասաց. «Ինձ խմելու ջո՛ւր տուր» 8(քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու)։ 9Սամարացի կինը նրան պատասխանեց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք չէին շփվում)։ 10Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Եթե միայն գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե դու ինքդ նրանից ուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։ 11Կինը նրան ասաց. «Տե՛ր, սակայն դու անգամ դույլ չունես, իսկ այս ջրհորն էլ խորն է. ուրեմն կենդանի ջուր որտեղի՞ց կունենաս։ 12Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, որ ջրհորը մեզ է տվել, և ինքը, իր որդիներն ու հոտերն էլ խմել են սրանից»։
13Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Ով այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի։ 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։ 15Կինն ասաց նրան. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ և այստեղ չգամ ջուր հանելու»։ 16Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր և արի՛ այստեղ»։ 17Կինը պատասխան տվեց նրան և ասաց. «Ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լա՛վ ասացիր, թե՝ ամուսին չունեմ, 18որովհետև հինգ մարդ ես փոխել, և նա, որին այժմ ունես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»։ 19Կինը նրան ասաց. «Տե՛ր, ինձ թվում է, թե դու մարգարե ես։ 20Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, որտեղ արժան է երկրպագել»։ 21Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։ 22Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ 23Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ 24Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։
25Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան (Քրիստոս անվանված) պիտի գա. երբ գա, նա մեզ ամեն ինչ կպատմի»։ 26Հիսուսը նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։ 27Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։ 28Կինը թողեց իր սափորը և քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկե՛ք, տեսե՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ 30Քաղաքից ելան ու գալիս էին նրա մոտ։
31Մինչ նրանք կգային, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։ 32Իսկ նա ասաց նրանց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ 33Աշակերտներն իրար մեջ ասում էին՝ «Արդյոք մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։ 34Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։ 35Չէ՞ որ դուք եք ասում. “Չորս ամիս ևս, և հունձը կհասնի”։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու հասել հնձի համար։ 36Ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։ 37Քանզի հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ “Այլ է սերմանողը և այլ՝ հնձողը”։ 38Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։
39Եվ սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»։
40Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, և նա այնտեղ մնաց երկու օր։ 41Ուրիշ շատերն էլ նրան հավատացին իր խոսքի համար 42և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, որ նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»։
Բարձրաստիճան պաշտոնյայի որդու բժշկումը
43Եվ երկու օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա։ 44Թեև Հիսուսն ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի, 45բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում՝ տոնի օրը, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։
46Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, և այնտեղ էր մնում։ Թագավորական ընտանիքից մեկը կար, որի որդին հիվանդ էր Կափառնաումում։ 47Երբ նա լսեց, թե Հիսուսը Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մահամերձ էր։ 48Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։ 49Թագավորազնը նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ 50Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ 51Եվ մինչ իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին, որ նրա որդին կենդանի է։ 52Նա հարցրեց նրանց, թե ո՞ր ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. «Երեկ՝ հետմիջօրեի ժամը մեկին, ջերմը նրան թողեց»։ 53Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։ 54Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուսը՝ Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք