ՀՈՎՀԱՆՆԵՍ 7

7
Հիսուսի եղբայրները չեն հավատում
1Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։
2Հրեաների Տաղավարահարաց տոնը մոտ էր։ 3Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին». 5քանզի եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ 6Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ 7Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։ 8Դուք գնացե՛ք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլեայում։ 10Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։
Հիսուսը Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին
11Հրեաները նրան փնտրում էին այդ տոնի ժամանակ և ասում էին՝ «Ո՞ւր է նա»։ 12Եվ ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին՝ «Լավն է», ուրիշներն ասում էին՝ «Ո՛չ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։ 13Եվ հրեաների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։
14Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։ 16Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ 18Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ 19Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ 20Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մեջ դև կա, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Հիսուսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ահա ամենքդ զարմացել եք։ 22Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլփատությունը (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ 23Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։ 24Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։
Վեճ Հիսուսի անձի շուրջ
25Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։ 26Բայց ահա բացահայտորեն խոսում է, և դրան բան չեն ասում. գուցե իշխանավորները ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։ 27Բայց մենք գիտենք, թե սա որտեղից է. իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանա՝ որտեղից է»։ 28Հիսուսը տաճարում աղաղակեց. ուսուցանում էր և ասում. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք՝ որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չեք ճանաչում։ 29Ես գիտեմ նրան, որովհետև հենց նրանից եմ, և նա՛ ուղարկեց ինձ»։ 30Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։
31Սակայն բազմության միջից շատերը հավատացին նրան և ասում էին. «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։
Հիսուսը հայտնում է իր մոտալուտ մեկնումը աշխարհից
32Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։ 33Հիսուսն ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ և ապա գնալու եմ նրա մոտ, ով ինձ ուղարկեց։ 34Ինձ կփնտրեք և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ 35Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք. մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսների՞ն ուսուցանի։ 36Ի՞նչ է այն խոսքը, որ նա ասաց՝ “Կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։
Կենդանի ջրի աղբյուրը
37Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ 38Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։
Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ
40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին՝ «Սա՛ է ճշմարիտ մարգարեն». 41ուրիշներն ասում էին՝ «Սա՛ է Քրիստոսը». իսկ մնացածն էլ ասում էր՝ «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։ 42Չէ՞ որ Գիրքն ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր»։ 43Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում առաջացավ։ 44Եվ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրան չձերբակալեց։
45Երբ սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։ 47Փարիսեցիներն ասացին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։ 48Մի՞թե սինեդրիոնի անդամներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ Օրենքը չգիտի և նզովյալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր Հիսուսի մոտ և նրանցից մեկն էր, նրանց ասաց. 51«Մի՞թե մեր Օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախապես նրան չի լսում, կամ չգիտի, թե ի՛նչ է արել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք