ՀՈՎՀԱՆՆԵՍ 8

8
Շնացող կինը
1Ապա ամեն ոք իր տունը գնաց, իսկ Հիսուսը գնաց Ձիթենյաց լեռը։ 2Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ 3Դպիրները, քահանայապետներն ու փարիսեցիները նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կնոջ և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ 4Հիսուսին ասացին. «Վարդապե՛տ, հանցանքի մեջ բռնված այս կինը հաստատ շնացել է, 5իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. հիմա դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ 6Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։ 7Եվ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։ 8Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ 9Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։ 10Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Եվ սա ասաց. «Ո՛չ, Տե՛ր»։ Հիսուսն ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։
Հիսուսը՝ լույսն աշխարհի
12Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։ 13Փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ քո մասին ես վկայում, բայց քո վկայությունը հավաստի չէ»։ 14Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։ 15Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում, 16և եթե թեկուզ մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ ես եմ, և ինձ հետ է նաև իմ Հայրը, որն ուղարկեց ինձ։ 17Եվ ձեր Օրենքում իսկ գրված է, թե երկու մարդու վկայությունը ճշմարիտ է։ 18Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որ ուղարկեց ինձ»։ 19Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։
20Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։
Ազդարարություն անհավատ հրեաներին
21Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ 22Հրեաներն ասացին. «Մի՞թե անձնասպանության պիտի դիմի, քանի որ ասում է՝ “Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։ 23Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք՝ այս աշխարհից, իսկ ես վերևից եմ. ես այս աշխարհից չեմ։ 24Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։ 25Նրան ասացին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ խոսում էր ձեզ հետ։ 26Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։ 27Սակայն նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։
28Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։ 29Եվ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»։
30Երբ այս բաները խոսեց, շատերը հավատացին նրան։
Ճշմարտությունը՝ ազատարար
31Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ 32Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ»։ 33Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։ 34Հիսուսը պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, ծառա՛ է մեղքին։ 35Եվ ծառան տան մշտական անդամ չի համարվում, իսկ որդին համարվում է։ 36Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ 37Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։ 38Ես խոսում եմ այն, ինչ տեսա իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ ձեր հորից եք լսել»։ 39Նրան պատասխանեցին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։ 40Իսկ այժմ ուզում եք սպանել մի մարդու՝ ինձ. ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, որը լսել եմ իմ Հորից. այդպիսի բան Աբրահամը չարեց։ 41Դուք ձեր հոր գործերն եք անում»։ Արդ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկ է՝ Աստված»։ 42Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։ 43Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև իմ խոսքը չեք կարողանում լսել։ 44Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։ 45Իսկ ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ 46Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։ 47Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։ 48Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։ 49Հիսուսը պատասխանեց. «Իմ մեջ դև չկա, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք անարգում եք ինձ։ 50Ես իմ փառքը չեմ փնտրում. բայց կա մեկը, որ այն փնտրում է ու դատում։ 51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»։ 52Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։ 53Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռավ. մեռան նաև մարգարեները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։ 54Հիսուսը պատասխանեց. «Եթե ես փառավորեմ ինքս ինձ, իմ փառքը ոչինչ է. իմ Հայրն է ինձ փառավորում, որի մասին դուք ասում եք՝ “Մեր Աստվածն է”, 55և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։ 56Աբրահամը՝ ձեր հայրը, շատ էր փափագում իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսավ և ուրախացավ»։ 57Հրեաները նրան ասացին. «Դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ 58Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ, նախքան Աբրահամի լինելը»։ 59Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք