ՂԵՎՏԱԿԱՆ 15
15
Սեռական անմաքրություններ
1Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե որևէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումն անմաքուր է։ 3Այս է նրա մաքրվելու մասին օրենքը, որի մարմնից սերմ է ծորում կամ թե սերմի ծորումից մարմինը հյուծվում է. իր մարմնից ծորում լինելու և ծորումից մարմինը հյուծվելու բոլոր օրերն անմաքրության շրջան թող համարվեն նրա համար։ Դա մարմնի անմաքրություն է։
4Ամեն անկողին, որի մեջ սերմի ծորում ունեցողը քնի, անմաքուր թող համարվի. այն ամենը, որի վրա նստի, թող անմաքուր համարվի։ 5Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 6Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրա, պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 7Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 8Եթե սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, վերջինս պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 9Էշի թամբը, որի վրա նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է մինչև երեկո։ 10Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնվող որևէ իրի, անմաքուր է մինչև երեկո։ 11Եթե սերմի ծորում ունեցողն առանց ձեռքերը լվանալու դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 12Խեցե որևէ անոթ, որին կդիպչի սերմի ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամանները պետք է լվացվեն ջրով, որպեսզի մաքուր համարվեն։
13Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։ 14Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։ 15Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։
16Եթե որևէ տղամարդ սերմի արտահոսում ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է լվա ջրով։ Նա անմաքուր պետք է լինի մինչև երեկո։ 17Ամեն հագուստ և կաշի, որին կդիպչի տղամարդու արտահոսած սերմը, պետք է լվացվի ջրով։ Դա անմաքուր է մինչև երեկո։
18Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պետք է լվացվեն ջրով։ Նրանք անմաքուր են մինչև երեկո։
19Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։ 20Ինչի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում և ինչի վրա որ նստի նա, անմաքուր պետք է համարվի։ 21Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 22Ով որ դիպչի մի առարկայի, որի վրա այդ կինը նստել է, պետք է լվանա իր հագուստները, լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։ 23Եվ եթե նա անկողնում լինի կամ որևէ բանի վրա նստած, և մեկը մոտենա նրան, թող անմաքուր համարվի մինչև երեկո։
24Եվ եթե որևէ մեկը քնի նրա հետ, և նրա պղծությունը դիպչի իրեն, յոթ օր թող անմաքուր համարվի։ Մինչև երեկո թող անմաքուր համարվի նաև այն անկողինը, որի վրա այդ մարդը կքնի։
25Եթե մի կին բազում օրեր արյունահոսություն ունի, սակայն ոչ դաշտանի ժամանակ կամ դաշտանի օրերից հետո, այդ բոլոր օրերը թող անմաքուր համարվեն դաշտանի օրերի նման և թող անմաքուր համարվի։ 26Այն անկողինը, որի մեջ նա կպառկի իր արյունահոսության օրերին, դաշտանի օրերի նման անմաքուր թող համարվի։ Ամեն առարկա, որի վրա նա կնստի այս շրջանում, դաշտանի օրերի նման թող անմաքուր համարվի։ 27Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարվի։ Նա պետք է լվանա իր հագուստները և իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
28Երբ դադարի կնոջ արյունահոսությունը, նա պետք է մաքրվի յոթ օր, ապա մաքուր համարվի։ 29Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։ 30Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքերի քավության համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն տա նրան իր անմաքուր ծորումի համար”։
31Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։ 32Այս է կարգը սերմի ծորումի պատճառով և սերմի արտահոսման պատճառով անմաքուր դարձածի 33և դաշտանի ժամանակ արյունահոսություն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թե կին, ինչպես նաև դաշտանի մեջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու վերաբերյալ»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն