ՂԵՎՏԱԿԱՆ 18

18
Անբարոյական սեռական հարաբերությունների արգելք
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 3Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։ 4Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ պատվիրաններն ու կառաջնորդվեք դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 5Պահեք իմ բոլոր պատվիրաններն ու իմ բոլոր պատգամները կատարեք։ Այդ ամենը կատարող մարդը կփրկվի դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 6Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։ 7Քո հոր և քո մոր ամոթույքը մի՛ բացիր, որովհետև նա քո մայրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ 8Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։ 9Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։ 10Քո որդու աղջկա ամոթույքը կամ քո դստեր աղջկա ամոթույքը չտեսնես, որովհետև դա նաև քո ամոթույքն է։ 11Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ 12Քո հորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո հոր արյունակիցն է։ 13Քո մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։ 14Մի՛ անպատվիր քո հորեղբորը՝ նրա կնոջը մերձենալով, որովհետև նա քո ազգականն է։ 15Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ 16Մի՛ անպատվիր քո եղբորը՝ նրա կնոջ ամոթույքը տեսնելով։ 17Նրա կնոջ և դստեր ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ 18Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև մեկի ներկայությամբ մյուսի ամոթույքը տեսնելով՝ խանդ կառաջացնես։ 19Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։ 20Քո մերձավորի կնոջը քո սերմը չտաս, որպեսզի նրա հետ չպղծվես։ 21Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես#Եբր. Քո ժառանգներից ոչ ոքի չտաս Մոլեխին։ Մոլեխը սեմական չաստված է, հատկապես կրակի չաստված։ Նրա պաշտամունքը Ք.ա. 8-7-րդ դարերում հանդիպում էր նաև Իսրայելում։ Մոլեխի պաշտամունքը կատարվում էր մանուկների ողջակիզումով։ և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։ 22Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է։ 23Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։ 24Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։ 25Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։ 26Պահե՛ք իմ օրենքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը չպետք է կատարի այդ բոլոր պղծությունները, 27որովհետև այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այդ երկրում ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց։ 28Որպեսզի ձեզանից էլ չնողկա երկիրը, երբ պղծեք այն, ինչպես որ նողկաց ձեզնից առաջ այստեղ ապրած ազգերից։ 29Ով նման պիղծ արարքներ կատարի, նա կվերանա իր ժողովրդի միջից։ 30Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 18: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք