ՂԵՎՏԱԿԱՆ 19
19
Սրբության և արդարության օրենքներ
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
3Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։
Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
4Մի՛ պաշտեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5Եթե Տիրոջը փրկության զոհ մատուցեք, այնպե՛ս արեք, որ ընդունելի լինի։ 6Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։ 7Իսկ եթե մեկն ուտի երրորդ օրը, այն զոհ չի լինի և ընդունելի չի համարվի։ 8Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։
9Ձեր դաշտերի հունձը հնձելիս մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։ 10Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
11Մի՛ գողացեք, մի՛ ստեք, ոչ մեկը մյուսին թող չզրպարտի։ 12Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
13Մի՛ զրկիր քո մերձավորին և մի՛ հափշտակիր։ Վարձկանի վարձը մինչև առավոտ մոտդ մի՛ պահիր։ 14Համրին մի՛ վիրավորիր, կույրի ճանապարհին խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. ես եմ Տերը՝ քո Աստվածը։
15Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
16Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 17Քո սրտում ատելություն չպահես եղբորդ նկատմամբ։ Հանդիմանի՛ր նրան սխալների համար, որպեսզի նրա պատճառով մեղքերի մեջ չընկնես։ 18Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
19Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։ 20Եթե մեկը կենակցի մեկ ուրիշի համար նախատեսված աղախնի հետ, որը փրկագնով չի փրկագնված և նրան ազատություն չի շնորհված, երկուսն էլ պետք է հանդիմանվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, քանի որ կինն անազատ է։ 21Իր գործած հանցանքը քավելու համար Վկայության խորանի դռան առաջ մեղքերի քավության խոյ պիտի մատուցի Տիրոջը։ 22Քահանան հանցանքների քավության խոյը թող զոհաբերի Տիրոջ առջև՝ նրա մեղքերի քավության համար, և նրա մեղքերին թողություն կտրվի։
23Երբ մտնեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ, ամեն տեսակի պտղատու ծառե՛ր տնկեցեք և մաքրե՛ք նրա անմաքրությունը։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար. այն չուտեք։ 24Չորրորդ տարվա բոլոր պտուղները պիտի սուրբ համարվեն և նվիրվեն Տիրոջը՝ ի փառաբանություն։ 25Հինգերորդ տարին կարող եք ուտել դրա պտուղը։ Այդ տարուց սկսած այդ բերքը կլինի ձեզ եկամուտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
26Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։
27Ձեր գլխի մազերը վերև մի՛ հավաքեք և ձեր մորուքի տեսքը մի՛ փչացրեք։ 28Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ մի՛ արեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
29Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկության տալով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի ու անօրենությամբ չլցվի։
30Իմ շաբաթ օրերը պահե՛ք և իմ սրբարանին երկյուղածությամբ կմոտենաք. ես եմ Տերը։
31Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
32Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։
33Եթե ձեր երկրում օտարական հաստատվի, նրան չնեղեք։ 34Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
35Անիրավություն մի՛ արեք դատ-դատաստանի ժամանակ, չափելու, կշռաքարերի ու կշռելու մեջ։ 36Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։
37Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 19: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն