ՂԵՎՏԱԿԱՆ 4

4
Քավության զոհ
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛.
“Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին, 3եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։ 4Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։ 5Զոհաբերությունը կատարող օծյալ քահանան, իր ձեռքով վերցնելով արջառի արյունից, այն թող տանի Վկայության խորան։ 6Քահանան իր մատը թող թաթախի արյան մեջ, այդ արյունից թող յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առջև՝ սրբարանի վարագույրի մոտ։ 7Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռանը գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։ 8Նա թող հանի մեղքերի քավության համար զոհաբերվող արջառի ճարպը, փորի ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը, 9երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը, երկու երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը. 10այնպես, ինչպես արվում է փրկության համար զոհաբերվող արջառի դեպքում։ Քահանան այս ամենը թող դնի ողջակեզի զոհասեղանին։ 11Արջառի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորոտիքի հետ՝ 12արջառն ամբողջությամբ, թող հանեն բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և փայտի կրակի վրա թող այրեն այն։ Արջառը պետք է այրվի մոխիրը թափելու վայրում։
13Եթե Իսրայելի ողջ ժողովուրդն ակամա մոլորվի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, և այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից, 14իսկ դրանից հետո հայտնի դառնա նրանց կատարած մեղքը, ժողովուրդն իր գործած մեղքը քավելու համար նախրից առանց արատի մի արջառ թող զոհաբերի։ Այն թող բերեն Վկայության խորանի դռան մոտ, 15ժողովրդի ծերերը Տիրոջ առջև իրենց ձեռքը թող դնեն արջառի գլխին և Տիրոջ առջև թող մորթեն այն։ 16Օծյալ քահանան արջառի արյունից թող տանի Վկայության խորան 17և մատը թաթախելով արջառի արյան մեջ՝ Տիրոջ առջև յոթ անգամ թող շաղ տա սրբարանի վարագույրի դիմաց։ 18Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռան մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։ 19Ապա թող հանի ամբողջ ճարպը և դնի զոհասեղանին։ 20Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։ 21Արջառն ամբողջությամբ պետք է հանեն բանակատեղիից դուրս և այրեն այնպես, ինչպես նախորդ արջառն այրեցին, որովհետև ժողովրդի մեղքերի համար է։
22Իսկ եթե մեղանչի իշխանը՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ՝ Աստծու պատվիրանները, և այդպիսով մեղանչի ակամա, 23և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։ 24Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն Տիրոջ առջև՝ այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում, քանի որ սա մեղքի զոհ է։ 25Քահանան մեղքերի զոհի արյունը մատով թող քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, ապա մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։ 26Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։
27Եթե երկրի բնակիչներից մեկն ակամա մեղք գործի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, 28և երբ իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, իր գործած մեղքի համար թող ընծա մատուցի այծերից էգ և արատ չունեցող մի ուլ։ 29Իր ձեռքը թող դնի նրա գլխին, և մեղքերի քավության համար զոհաբերվող ուլը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։ 30Քահանան իր մատով թող վերցնի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։ 31Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։ 32Իսկ եթե իր մատուցած ընծան ոչխար լինի, թող էգը և արատ չունեցողը մատուցի։ 33Իր ձեռքը թող դնի մեղքի զոհի գլխին, ապա թող մորթեն այն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։ 34Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։ 35Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք