ՂԵՎՏԱԿԱՆ 8
8
ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆԸ
(8–10)
Ահարոնի և իր որդիների օծումը
(Ելք 29.1-37)
1Տերն ասաց Մովսեսին. 2«Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը 3և ողջ ժողովրդին հավաքի՛ր Վկայության խորանի դռան առջև»։ 4Եվ Մովսեսն արեց այն, ինչ Տերը հրամայել էր իրեն. նա ժողովրդին հավաքեց Վկայության խորանի դռան առջև։
5Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Տերը պատվիրել է այսպես անել»։ 6Մովսեսը բերեց Ահարոնին ու նրա որդիներին, լողացրեց նրանց ջրով, 7Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։ 8Եփուդի վրա կապեց լանջապանակը, վերջինիս վրա դրեց Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։ 9Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 10Մովսեսը, վերցնելով օծության յուղից, 11յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։ 12Մովսեսն օծության յուղից հեղեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։ 13Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
14Մովսեսն այնուհետև մոտ բերեց մեղքերի քավության զվարակը, Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին մեղքերի քավության զվարակի գլխին, 15Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։ 16Ապա Մովսեսը հանեց փորոտիքի ամբողջ ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ամբողջ ճարպը և դրեց զոհասեղանին։ 17Իսկ զվարակը՝ կաշին, միսն ու փորոտիքը, հրով այրեց բանակատեղիից դուրս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
18Ապա Մովսեսը մոտ բերեց ողջակեզի խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։ 19Մովսեսը մորթեց խոյը և նրա արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։ 20Նա խոյը կտրատեց ըստ անդամների. գլուխը, անդամ-անդամ կտրտված միսն ու ճարպը դրեց զոհասեղանին, 21փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով և խոյն ամբողջությամբ տեղադրեց զոհասեղանի վրա, քանի որ ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
22Մովսեսն առաջ բերեց երկրորդ խոյը՝ նվիրագործման խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին, 23ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի ծայրին ու աջ ոտքի ծայրին։ 24Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին, այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրին ու նրանց աջ ոտքերի ծայրին, իսկ մնացած արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։ 25Վերցրեց ճարպն ու դմակը, փորի վրայի ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ թևը։ 26Նվիրագործման զամբյուղից, որ դրված էր Տիրոջ առաջ, մի բաղարջ հաց վերցրեց, ինչպես նաև ձիթայուղով հունցված մի հաց, և դրեց ճարպի ու աջ թևի վրա։ 27Այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և դրանք ընծայաբերեց Տիրոջը։ 28Ապա Մովսեսը նրանց ձեռքերից վերցրեց այդ ամենը և դրեց զոհասեղանին՝ նվիրագործման ողջակեզի վրա՝ իբրև նվեր և անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ պատվիրել էր Տերը։ 29Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
30Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։
31Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։ 32Հացի ու մսի մնացորդը այրե՛ք հրով։ 33Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ։ 34Ինչպես որ այսօր եղավ, Տերը պատվիրել է անել շարունակ՝ ձեր քավության համար։ 35Վկայության խորանի դռանը նստե՛ք յոթ օր՝ գիշեր ու ցերեկ և պահե՛ք Տիրոջ պատվիրանները, որպեսզի չմեռնեք։ Այդպես է ինձ պատվիրել Տերը»։ 36Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն