ՂՈՒԿԱՍ 19
19
Հիսուսը և Զակքեոս մաքսապետը
1Հիսուսը մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եվ ահա Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց և ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։ 6Զակքեոսը շտապեց և իջավ ու նրան ընդունեց ուրախությամբ։ 7Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ 8Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ 9Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, 10որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։
Տասը մնասների առակը
(Մտթ. 25.14-30)
11Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ 12Նա ասաց. «Մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ՝ թագավոր օծվելու և վերադառնալու։ 13Կանչեց իր տասը ծառաներին, յուրաքանչյուրին մեկական մնաս տվեց և ասաց. “Շահարկե՛ք դրանք, մինչև որ գամ”։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։ 15Երբ նա վերադարձավ՝ թագավոր օծված, կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ էր շահել։ 16Եկավ առաջինը և ասաց. “Տե՛ր, քո մեկ մնասը տասը մնաս բերեց”։ 17Տերը նրան ասաց. “Ազնիվ և բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր տասը քաղաքների վրա”։ 18Եկավ երկրորդը և ասաց. “Քո մեկ մնասը հինգ մնաս բերեց”։ 19Տերը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրա”։ 20Մյուսն էլ եկավ և ասաց. “Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել”։ 22Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որ գալով՝ ես տոկոսներով պահանջեի”։ 24Եվ սպասավորներին ասաց. “Վերցրե՛ք դրանից մեկ մնասը և տարե՛ք տվեք նրան, ով տասը մնաս ունի”։ 25Եվ ծառաներն ասացին նրան. “Տե՛ր, արդեն նա տասը մնաս ունի՛”։ 26Ասում եմ ձեզ՝ “Ով ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Մրկ. 11.1-11, Հովհ. 12.12-19)
28Եվ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղեմ ելնելու համար։ 29Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30և ասաց. «Գնացե՛ք մեր առջևում գտնվող այն գյուղը. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 31Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես կասեք. “Իր տիրոջն է պետք”»։ 32Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր իրենց. ավանակն այնտեղ էր։ 33Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերն ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ 34Աշակերտներն ասացին. «Իր տիրոջն է պետք»։ 35Եվ այն բերեցին Հիսուսի մոտ. հանդերձներ գցեցին և Հիսուսին նստեցրին ավանակի վրա։ 36Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա։ 37Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։ 38Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից (Սաղ. 117(118).26). խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։
39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։
Ողբ Երուսաղեմի
41Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց. 42«Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից. 43Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-13, Մրկ. 11.15-17, Հովհ. 2.13-22)
45Տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղավնեվաճառներին ու գնողներին և լումայափոխների սեղանները ցրեց 46ու ասաց նրանց. «Գրված է՝ “Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի” (Ես. 56.7), իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ»։
Հիսուսը տաճարում
(Մտթ. 21.14-16)
47Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, դպիրները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու, 48բայց չէին գտնում, թե ի՛նչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր նրան։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 19: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
![None](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2F58%2Fhttps%3A%2F%2Fweb-assets.youversion.com%2Fapp-icons%2Fhy.png&w=128&q=75)
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն