ՄԱՐԿՈՍ 6
6
Հիսուսի այցելությունը Նազարեթ
(Մտթ. 13.53-57, Ղուկ. 4.16-30)
1Հիսուսն այնտեղից ելավ, եկավ իր հայրենի քաղաքը. նրա աշակերտները գնում էին նրա հետևից։ 2Երբ շաբաթ օր եղավ, սկսեց ժողովարանում ուսուցանել։ Շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա ուսուցման վրա և ասում. «Այս ամենը որտեղի՞ց է սրան, կամ ի՞նչ է սրան տրված այս իմաստությունը, որ սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։ 3Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։ 4Հիսուսը նրանց ասաց. «Չկա մարգարե, որ չանարգվի իր հայրենի քաղաքում, իր ազգատոհմի և իր տան մեջ»։ 5Եվ չկարողացավ այնտեղ որևէ զորավոր գործ անել, այլ սակավաթիվ հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկեց։ 6Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։
Տասներկու աշակերտների առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Ղուկ. 9.1-6)
Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերը և ուսուցանում։ 7Նա իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց երկու-երկու ուղարկել նրանց՝ պիղծ ոգիների վրա նրանց իշխանություն տալով։ 8Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար գավազանից բացի այլ բան չվերցնեն՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտիների մեջ, 9այլ հողաթափներ հագնեն։ «Ավելորդ պարեգոտ,- ասում էր,- մի՛ վերցրեք»։ 10Ապա ավելացնում էր. «Որ տունը մտնեք, այնտեղ օթևանե՛ք, մինչև որ այնտեղից մեկնեք։ 11Իսկ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք՝ իբրև վկայություն նրանց դեմ»։ 12Աշակերտները ելան ու քարոզում էին ժողովրդին, որպեսզի ապաշխարեն։ 13Նրանք բազում դևեր էին հանում, բազում հիվանդների էին յուղով օծում և բժշկում նրանց։
Հովհաննես Մկրտչի բանտարկությունն ու գլխատումը
(Մտթ. 14.1-12, Մրկ. 1.14, Ղուկ. 9.7-9)
14Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։ 15Ուրիշներն ասում էին, թե՝ «Եղիան է», իսկ մյուսները, թե՝ «Մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը»։ 16Երբ Հերովդեսը այս լսեց, ասաց. «Հովհաննեսը, որին ես գլխատեցի, սա է. մեռելներից հարություն է առել»։
17Քանի որ Հերովդեսն ինքն էր մարդ ուղարկել և ձերբակալել Հովհաննեսին, կապել էր նրան և բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով։ Բանն այն էր, որ Հերովդեսը նրան իրեն կին էր դարձրել, 18իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քո եղբոր կնոջը քեզ կին առնելն օրինավոր չէ»։ 19Հերովդիան էլ ոխ էր պահել Հովհաննեսի դեմ և ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 20որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։ 21Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։ 22Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և կտամ քեզ»։ 23Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ «Դու ինչ էլ ուզես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ 24Աղջիկը դուրս ելավ և իր մորը հարցրեց. «Ի՞նչ ուզեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 25Շուտափույթ կրկին թագավորի մոտ մտնելով՝ աղջիկն ասաց. «Ուզում եմ, որ հիմա սկուտեղի վրա անմիջապես ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 26Թագավորը սաստիկ տրտմեց, բայց հրավիրվածների առջև տրված իր երդումների պատճառով չկարողացավ նրան մերժել։ 27Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Դահիճը գնաց, բանտում գլխատեց Հովհաննեսին 28և նրա գլուխն սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ տարավ տվեց իր մորը։ 29Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինը և դրեցին մի գերեզմանի մեջ։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Ղուկ. 9.10-17, Հովհ. 6.1-14)
30Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ և նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին և ուսուցանել։ 31Հիսուսը նրանց ասաց. «Դուք եկե՛ք առանձին մի ամայի տեղ ու փոքր-ինչ հանգստացե՛ք». որովհետև եկող-գնացողները շատ էին, և անգամ հաց ուտելու ժամանակ չունեին։ 32Եվ նավակով առանձնացան մի ամայի տեղ։ 33Մարդիկ տեսան նրանց գնալը, և շատերը ճանաչեցին նրանց։ Եվ բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ էին վազում և մոտենում նրանց։ 34Հիսուսը, նավակից դուրս ելնելով, մի ահռելի բազմություն տեսավ և գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների, և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։
35Երբ բավական ժամանակ անցավ, աշակերտները, մոտենալով Հիսուսին, ասացին. «Սա ամայի վայր է, քանի դեռ օրը չի մթնել, 36արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակայքի ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ 37Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։ 38Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսե՛ք»։ Երբ աշակերտներն իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ, նաև երկու ձուկ»։ 39Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։ 40Եվ նրանք դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։ 41Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ 42Բոլորն էլ կերան և հագեցան։ 43Տասներկու լի սակառ էլ կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։ 44Նրանք, որ կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մտթ. 14.22-33, Հովհ. 6.15-21)
45Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։ 46Եվ հրաժեշտ տալով նրանց՝ լեռը բարձրացավ՝ աղոթք անելու։ 47Երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը՝ ցամաքի վրա։ 48Նա տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին նա, լճի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ 49Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, 50որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 51Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։ 52Նրանք նաև չէին հասկացել հացի բազմացման իմաստը, քանի որ նրանց սրտերն ընդարմացած էին։
Բժշկումներ Գեննեսարեթում
(Մտթ. 14.34-36)
53Երբ լճի մյուս կողմն անցան, Գեննեսարեթում ցամաք ելան։ 54Երբ նավակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկույն ևեթ ճանաչեցին Հիսուսին։ 55Ամբողջ գավառով մեկ այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին անկողիններով հիվանդներ բերել այնտեղ, որտեղ, ըստ լսածի, Հիսուսն էր գտնվում։ 56Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե իր հագուստի քղանցքներին դիպչեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիպան, բժշկվեցին։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն