Ինչպե՞ս ազատվել սթրեսներիցՕրինակ

Ինչպե՞ս ազատվել սթրեսներից

ՕՐ 1 7-ից

Դու երբևէ վերապրե՞լ ես իրական սթրեսային իրավիճակ

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։

Բայց նախ ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ ձեր նամակների համար, որոնք հիմնականում շնորհակալության և Աստծուն ուղղված գոհության խոսքեր են։ Սակայն կան նաև նամակներ, որոնք խոսում են այն դժվարությունների մասին, որոնցով դուք անցնում եք։ Եվ այդ նամակների մեջ քիչ չեն իրական սթրեսային իրավիճակների նկարագրությունները, որոնք ոչ միայն անտանելի են դարձում սթրեսի մեջ հայտնված մարդու կյանքը, այլև տվյալ անձնավորությանը օգտագործում շրջապատի մարդկանց կյանքը բարդացնելու համար։

Դժբախտաբար, նման նկարագրությունները եզակի դեպքեր չեն։ Տնային հոգսերը, կյանքի դժվարությունները, ամուսնական ու ընտանեկան խաթարված հարաբերությունները և այս ամենի մեջ ճիշտ հոգևոր խնամքի ու հոգևոր խորհդատվության բացակայությունը շատ շատերին են սթրեսի ենթարկում և ծնկի բերում կյանքի դժվարությունների առջև։

Սթրեսը նախ վնասում է մարդուն հոգեպես, իսկ հետո կարող է նաև ֆիզիկական լուրջ խնդիրներ առաջացնել մարդու օրգանիզմում, քանի որ դրա բերած ծայրաստիճան ճնշումները և մարդու ներքին խաղաղության ու ուրախության կորուստը չեն կարող անհետևանք մնալ նաև նրա ֆիզիկական վիճակի առումով։

Սթրեսը մի գող է, որը քո կյանքից գողանում է ամենը, որ հնարավոր է գողանալ՝ առողջությունը, խաղաղությունը, հանգիստը, հարաբերությունները, ծիծաղը և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։

Իսկ ինչպիսի՞ն է քո իրավիճակը։ Արդյոք դու նույնպես գտնվում ես սթրեսային իրավիճակո՞ւմ կամ կյանքի դժվարությունների խորացող ճնշումների ներքո։ Եթե այո, ապա թո՛ւյլ տուր քաջալերել քեզ այսօր. սթրեսը, որին դու բախվել ես, չի նշանակում, որ դու սխալ մարդ ես, անհաջողակ կամ Աստծուց մոռացված։ Այն նշանակում է, որ դու մարդ ես և անցնում ես մարդկային կյանքին հատուկ դժվարություններով։

Եվ ահա բարի լուրը, որն այսօր հատուկ քեզ համար է․ Տեր Հիսուսն ամեն բան հոգացել է, որպեսզի դու ստիպված չլինես կյանքիդ մնացած ժամանակահատվածն ապրելու սթրեսային լարվածության, տագնապների ու ճնշումների մեջ։ Որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ դու կարող ես հույսդ դնել Աստծո խոստումների վրա և հավատալ, որ անգամ քո ծանրագույն դժվարությունների մեջ Նա իր առանձնահատուկ ծրագիրն է իրագործում քո կյանքում։

«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս ‭16․11‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը քեզ համար լիառատ կյանք է պատրաստել։ Ուրախությունների լիություն և քաղցրություն կա Նրա ներկայության մեջ։ Առաջարկում եմ հենց հիմա մի պահ դադար առնել ու գոհանալ Աստծուց քո բոլոր դժվարությունների մեջ քեզ զորացնելու և քո կողքին լինելու համար։ Նա քեզ երբե՛ք մենակ չի թողնի։

Աստված հավատարիմ է։ Նա ելք ունի քեզ համար։ Վստահի՛ր Աստծուն և Նրա Խոսքին։ Տիրոջ խոստումները հավատարիմների համար են։ Դարձի՛ր հավատարիմ մշակ Տեր Աստծո համար և կտեսնե՛ս, թե ինչպես են կյանքիդ բարդագույն իրավիճակները փոխակերպվում և դառնում միջոց, որոնցով Տիրոջ բարիքներն են առատապես հորդելու քո կյանքի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս ազատվել սթրեսներից

Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/