Հավատարմության օրհնություններըՕրինակ
Մշակից մեկ բան է պահանջվում՝ հավատարմություն
Տեր Հիսուս Քրիստոսին հավատացող և Նրան ծառայող մարդու ամենակարևոր որակը հավատարմությունն է։ Աստծուն ծառայող մարդուց մի բան է պահանջվում՝ հավատարմություն։ Մյուս բոլոր որակները, տաղանդներն ու պարգևները Աստված կարող է շնորհել Իր ծառաներին։ Սակայն հավատարմությունը մի որակ է, որն Աստված փնտրում է մարդկանց մեջ, որպեսզի նրանց վստահի Իր դաշտի մեջ մշակություն անելու օրհնյալ պատասխանատվությունը։
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը նկարագրում է Տեր Աստծու պահանջն Իրեն ծառայող մարդկանցից․ «Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիս 4.2)։
Տեր Աստծուն չի տպավորում մարդկանց կրթությունը, զբաղեցրած պաշտոնը, հարստության չափը, համակիրների քանակը կամ մարդկանց մոտ ունեցած հեղինակությունը։ Տեր Աստծուն չի տպավորում մեր եկեղեցիների հին կամ նոր լինելը, չի տպավորում նաև քարոզիչների տեսանյութերի դիտումների քանակը կամ նրանցով հիացած մարդկանց գովասանքներով լի մեկնաբանությունները։
Այս ամենը տպավորում են մարդկանց, բայց ոչ Աստծուն։ Մարդիկ հիանում են Աստծուն ծառայողների ճոխ աղոթքներով, քարոզների մեջ գեղեցկագույն խոսքերի կիրառություններով կամ այնպիսի արտահայտություններով, որոնք ի ցույց են դնում մարդու գիտելիքները, կրթվածությունը կամ փորձառությունները։ Թեև այս ամենը լավ և օգտակար բաներ են, սակայն Աստծուն չեն տպավորում մարդկանց ծառայության նման դրսևորումները։
«Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16.9)։
Տեր Աստված փնտրում է Իր հանդեպ ուղիղ սիրտ ունեցող մարդկանց։ Աստված փնտրում է հավատարիմ մարդկանց։ Նա միայն մեկ որակ է փնտրում Իրեն ծառայող մարդկանց մեջ՝ հավատարմություն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քո սիրտն ուղի՞ղ է Տեր Աստծու հանդեպ։ Այս հարցի պատասխանն Աստծու Խոսքի հանդեպ քո վերաբերմունքի մեջ է։ Դու հավատարի՞մ մարդ ես։ Դու փափագ ունե՞ս ցանկացած գնով հնազանդվելու Աստծու կամքին ու պահելու Նրա պատվիրանները, անգամ՝ եթե այդ հնազանդությունը հակառակ է քո ցանկություններին և քո շահին։ Քո սիրտն ուղի՞ղ է Տեր Աստծու առջև։ Դու հավատարի՞մ ես Նրա պատվիրաններին։
Աստված ուզում է, որ դու ծառայես Իրեն։ «Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Հավատարմությունը սկսվում է ապաշխարությունից։ Հավատարմությունն ամրանում է ճիշտ աշակերտությամբ: Հավատարմությունը պարգև չէ, այլ որակ, որը կարող ես զարգացնել քո մեջ կամ կարող ես նաև անել այնպես, որ այն իսպառ հեռանա քեզնից։ Հավատարմության առաջնային դպրոցը մարդու ընտանիքն է։ Աստված բազմաթիվ օրհնություններ ունի հավատարիմների համար:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/