I Peter 2:9-17

Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։ Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։ Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։ Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։ Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։ Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։
Ա Պետրոս 2:9-17