Ղուկաս 12

12
Նախազգուշացում կեղծավորության դեմ
(Մտթ. 10.26-31)
1Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ 2Որովհետև ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ 3Ուստի ինչ որ խավարում ասացիք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ փակ սենյակներում շշնջացիք, տանիքների վրա կհայտարարվի։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու դրանից հետո ավելին չունեն անելու։ 5Բայց ձեզ ցույց կտամ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Նրանի՛ց վախեցեք, ով սպանելուց հետո գեհենի մեջ նետելու իշխանություն ունի. այո՛, ասում եմ ձեզ, նրանի՛ց վախեցեք։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնով#12.6 Մանրադրամ։ են վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ 7Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։
Դավանել Հիսուսին
(Մտթ. 10.32-33, 12.32, 10.19-20)
8Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։ 10Նա, ով Մարդու Որդու դեմ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի։ 11Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու, 12որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել»։
Անմիտ մեծահարուստը
13Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասա՛, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ 14Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։ 15Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ 16Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ 17Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. "Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ"։ 18Եվ ասաց. "Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։ 19Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր"։ 20Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։ 21Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»։
Հոգս և անձկություն
(Մտթ. 6.25-34)
22Իր աշակերտներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու։ 23Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ՝ հագուստից։ 24Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։ 25Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ 26Արդ եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչո՞ւ եք ուրիշ բաների համար հոգս անում։ 27Նայե՛ք շուշաններին՝ ինչպե՛ս են մեծանում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։ 28Իսկ եթե Աստված այդպես հագցնում է հանդի խոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքա՜ն առավել ձեզ, թերահավատնե՛ր։ 29Եվ դուք մի՛ փնտրեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ անհանգստացեք, 30որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։ 31Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։
Փոքրիկ հոտը
(Մտթ. 6.19-21)
32Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ 33Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։ 34Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։
Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին
35Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն, ու ճրագները՝ վառված։ 36Եվ դուք այն մարդկանց նմա՛ն եղեք, որոնք իրենց տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից ե՛րբ կվերադառնա, որպեսզի երբ գա ու դուռը բախի, իսկույն բացեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի և կանցնի ծառայելու։ 38Եվ եթե գիշերվա երկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք։ 39Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը ո՛ր ժամին կգար, թույլ չէր տա իր տուն սողոսկել։ 40Արդ դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում»։
Հավատարիմ տնտեսը
(Մտթ. 24.45-51)
41Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ առակը մե՞զ համար ասացիր, թե՞ բոլորի համար»։ 42Տերն ասաց. «Ուրեմն, ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել՝ նրանց ժամանակին կերակուր տալու համար։ 43Երանի՜ այն ծառային, ում տերը երբ գա, այդպես անելիս կգտնի նրան։ 44Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքների վրա կկարգի։ 45Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել, 46այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում, և այն ժամին, որ ինքը չգիտի, ու նրան երկու կես կանի և նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի։ 47Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով՝ ոչինչ չի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ 48Իսկ նա, ով չիմանալով է ծեծի արժանի բան արել, քիչ կպատժվի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, և ում շատ է վստահվել, նրանից է՛լ ավելին կպահանջեն»։
Հուր և բաժանում
(Մտթ. 10.34-36)
49«Ես եկել եմ, որ աշխարհի վրա կրակ գցեմ, և ինչքա՜ն եմ ուզում, որ այն արդեն իսկ բորբոքված լինի։ 50Բայց ես մի մկրտություն ունեմ մկրտվելու և որքա՜ն եմ տագնապում, մինչև որ այն կատարվի։ 51Կարծում եք, թե աշխարհի վրա խաղաղություն հաստատելո՞ւ եմ եկել։ Ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում։ 52Որովհետև այսուհետև մի տան մեջ հինգ հոգին բաժան-բաժան կլինեն. երեքը՝ երկուսի դեմ, երկուսն էլ՝ երեքի դեմ։
53 Հայրը որդուց կբաժանվի,
և որդին՝ հորից,
մայրը՝ աղջկանից,
ու աղջիկը՝ մորից,
սկեսուրը՝ հարսից,
և հարսը՝ իր սկեսուրից (հմմտ. Միք. 7.6)»։
Կանխատեսել ժամանակների նշանները
(Մտթ. 16.2-3)
54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք՝ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն ասում եք՝ անձրև է գալու, և այդպես է լինում։ 55Եվ երբ հարավային քամին է փչում, ասում եք՝ շոգ է լինելու, և այդպես է լինում։ 56Կեղծավորնե՛ր, երկրի ու երկնքի նշանները քննել գիտեք, բայց այս ժամանակն ինչպե՞ս չեք քննում։
57Ինչո՞ւ ինքներդ չեք դատում այն, ինչ ճշմարիտ է։ 58Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։ 59Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման էլ չվճարես»։

Markering

Deel

Kopiëren

None

Wil je jouw markerkingen op al je apparaten opslaan? Meld je aan of log in