Ղուկաս 14

14
Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով
1Երբ նա մի շաբաթ օր փարիսեցիների իշխանավորներից մեկի տուն մտավ հաց ուտելու, նրանք հսկում էին նրան։ 2Եվ ահա նրա առաջ մի ջրգողյալ մարդ կար։ 3Հիսուսը օրենսգետներին ու փարիսեցիներին ասաց. «Շաբաթ օրը բժշկություն անելն օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ 4Նրանք լռեցին. Հիսուսը բժշկեց նրան ու արձակեց։ 5Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞ւմ էշը կամ եզը ջրհորն ընկնի, և նա իսկույն չհանի նրան շաբաթ օրով»։ 6Եվ այդ բանի համար չկարողացան պատասխանել նրան։
Դաս՝ խնջույքի հրավիրվածներին
7Եվ հրավիրված այն մարդկանց էլ մի առակ պատմեց՝ տեսնելով, թե ինչպե՛ս են առաջին տեղերն ընտրում, ու նրանց ասաց. 8«Երբ մեկի կողմից հարսանիքի ես հրավիրվում, առաջին բազմոցին մի՛ նստիր. գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի։ 9Եվ նա, որ քեզ ու նրան հրավիրեց, գա ու քեզ ասի՝ "Սրան տե՛ղ տուր", այն ժամանակ կսկսես ամոթով վերջին տեղը գրավել։ 10Այլ երբ հրավիրվես, գնա վերջի՛ն տեղը նստիր, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա ու քեզ ասի՝ "Բարեկա՛մ, ավելի վերև՛ նստիր", այն ժամանակ քեզ հետ նստողների առաջ քեզ փառք կլինի։ 11Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։
Հրավիրվածների ընտրություն
12Եվ իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, քո բարեկամներին մի՛ կանչիր, ո՛չ էլ քո եղբայրներին, ո՛չ էլ քո ազգականներին, ո՛չ էլ քո հարուստ հարևաններին. միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն, և հատուցում լինի քեզ։ 13Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչի՛ր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։ 14Եվ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի»։
Մեծ խնջույքի առակը
(Մտթ. 22.1-10)
15Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։ 16Հիսուսն ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերի հրավիրեց։ 17Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. "Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է"։ 18Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ 19Մյուսն ասաց. "Հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ 20Մյուսն էլ ասաց. "Կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ"։ 21Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. "Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր"։ 22Ծառան ասաց. "Տե՛ր, ինչ հրամայեցիր, եղավ, և դեռ էլի տեղ կա"։ 23Եվ տերը ծառային ասաց. "Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։ 24Որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի"»։
Քրիստոսի ճշմարիտ հետևորդը
(Մտթ. 10.37-38)
25Նրա հետ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում, և դառնալով՝ ասաց նրանց. 26«Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։ 27Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ 28Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։ 29Գուցե երբ հիմքը գցի և չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներն սկսեն նրան ծաղրել 30ու ասել. "Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"։ 31Կամ ո՞ր թագավորն է, որ այլ թագավորի դեմ պատերազմելու գնալիս չի նստում նախ խորհուրդ անում, թե տասը հազարով կարո՞ղ է դեմ կանգնել նրան, ով քսան հազարով է իր վրա գալիս։ 32Ապա թե ոչ, պատգամավոր կուղարկի ու կխնդրի, որ խաղաղություն հաստատի, քանի դեռ նա հեռու է։ 33Արդ, այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։
Անհամ աղը
(Մտթ. 5.13, Մրկ. 9.49-50)
34Աղը լավ բան է. բայց եթե աղը իր համը կորցնի, ինչո՞վ այն կրկին ձեռք կբերի։ 35Ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի համար, արդ դուրս կգցեն այն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Markering

Deel

Kopiëren

None

Wil je jouw markerkingen op al je apparaten opslaan? Meld je aan of log in