Ղուկաս 23
23
Հիսուսը բերվում է Պիղատոսի առաջ
(Մտթ. 27.1-2, 11-14, Մրկ. 15.1-5, Հովհ. 18.28-38, 19.1-16)
1Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կացավ, ու նրան Պիղատոսի մոտ տարան։ 2Եվ սկսեցին նրան ամբաստանել ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր ժողովրդին և արգելում կայսրին հարկ տալ՝ ինքն իր մասին ասելով, թե Քրիստոս թագավորն է»։ 3Բայց Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դո՛ւ ասացիր»։ 4Պիղատոսը քահանայապետներին ու ժողովրդին ասաց. «Ես այս մարդու մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ 5Սակայն նրանք պնդում էին ու ասում. «Ժողովրդին ըմբոստության է մղում՝ ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից մինչև այստեղ, ուսուցանելով»։
Հիսուսը Հերովդեսի առաջ
6Երբ Պիղատոսը լսեց, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է։ 7Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։
8Հերովդեսը, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր՝ ուզում էր նրան տեսնել, քանի որ նրա մասին լսել էր և հույս ուներ նրա կողմից արված որևէ նշան տեսնել։ 9Եվ նրան բազում հարցեր էր տալիս, բայց նա ոչինչ չէր պատասխանում նրան։ 10Քահանայապետներն ու դպիրները կանգնած էին ու նրան խիստ ամբաստանում էին։ 11Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց նրան. ծաղրելով նրան՝ մի շքեղ զգեստ հագցրեց և հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ 12Պիղատոսն ու Հերովդեսն այդ օրը միմյանց հետ բարեկամացան, որովհետև նախկինում իրար հետ թշնամության մեջ էին։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Մրկ. 15.6-15, Հովհ. 18.39–19.16)
13Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին 14և նրանց ասաց. «Դուք այս մարդուն ինձ մոտ եք բերել իբրև ժողովրդին մոլորեցնողի, և ահա ձեր առաջ հարցաքննելով՝ այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա այն բաների վերաբերյալ, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ 15Եվ ոչ էլ Հերովդեսը, որովհետև ձեզ տվեցի, որ նրա մոտ տանեք։ Եվ դա ահա մահապատժի արժանի ոչինչ չի գործել։ 16Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ» 17(որովհետև անհրաժեշտ էր, որ տոնի առիթով նրանց համար մի մարդ արձակեր)։ 18Իսկ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին ու ասում. «Վերցրո՛ւ դրան ու մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր» 19(որը քաղաքում տեղի ունեցած մի խռովության ու սպանության համար բանտարկվել էր)։ 20Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ կամենալով Հիսուսին արձակել։ 21Իսկ նրանք աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ 22Նա երրորդ անգամ ասաց նրանց. «Սա ի՞նչ չար բան է արել. սրա մեջ մահվան արժանի որևէ հանցանք չգտա. սրան կգանահարեմ ու կարձակեմ»։ 23Բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին ու պահանջում, որ նա խաչը հանվի։ Եվ նրանց ու քահանայապետների աղաղակը ուժեղանում էր։ 24Եվ Պիղատոսը վճռեց, որ նրանց պահանջը լինի։ 25Նրանց համար արձակեց խռովության ու սպանության պատճառով բանտ նետվածին, որին էլ պահանջում էին, իսկ Հիսուսին նրանց կամքին մատնեց։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Մրկ. 15.21-32, Հովհ. 19.17-27)
26Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ 27Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ 28Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ ձե՛զ և ձեր զավակների՛ վրա լաց եղեք։ 29Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։ 30Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել՝ "Մեզ վրա՛ ընկեք", ու բլուրներին՝ "Ծածկե՛ք մեզ" (Ովս. 10.8)։ 31Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։
32Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։
33Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ 34Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ 35Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը»։ 36Զինվորներն էլ էին նրան ծաղրում. մոտ գալով՝ նրան քացախ էին տալիս 37ու ասում. «Եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկի՛ր»։ 38Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։
39Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ 40Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ 41Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ 42Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ 43Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Մրկ. 15.33-41, Հովհ. 19.28-37)
44Վեցերորդ ժամին մոտ#23.44 Կեսօրվա ժամը տասներկուսը։ էր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը#23.44 Կեսօրվա ժամը երեքը։։ 45Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ 46Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. «Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» (Սաղ. 31.5)։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։
47Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։ 48Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ 49Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Մրկ. 15.42-47, Հովհ. 19.38-42)
50Եվ ահա մի մարդ կար, անունը՝ Հովսեփ, որ խորհրդի անդամ էր, բարի և արդար մարդ 51(սա նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել). հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը։ 52Նա Պիղատոսի մոտ գնաց և Հիսուսի մարմինը խնդրեց։ 53Եվ նրան ցած իջեցնելով՝ կտավով պատանեց ու վիմափոր գերեզմանի մեջ դրեց, ուր երբեք ոչ մի մարդ չէր դրվել։ 54Օրն ուրբաթ էր. շաբաթն էր լուսանում։
55Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ 56Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։
Nu geselecteerd:
Ղուկաս 23: ՆՎԱԱ
Markering
Deel
Kopiëren
Wil je jouw markerkingen op al je apparaten opslaan? Meld je aan of log in
© Bible Society in Armenia, 2018