Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17
17
Իսրայելի Ովսեե թագավորը
1Հուդայի թագավոր Աքազի տասներկուերորդ տարում Էլայի որդի Ովսեեն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց ինը տարի։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։ 3Նրա դեմ ելավ Ասորեստանի Սաղմանասար թագավորը, և Ովսեեն նրան հպատակ դարձավ և նրան հարկ էր տալիս։ 4Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։ 5Ասորեստանի թագավորն անցավ ամբողջ երկրով և եկավ Սամարիա ու երեք տարի պաշարեց այն։
Սամարիայի անկումը
6Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։ 7Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։ 8Եվ ընթացան այն ազգերի կանոններով, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, և այն կանոններով, որ Իսրայելի թագավորներն էին հաստատել։ 9Իսրայելի որդիները գաղտնի գործեր էին արել, որ ուղիղ չէին իրենց Տեր Աստծու մոտ. և իրենց համար Բարձր տեղեր էին շինել իրենց բոլոր քաղաքներում՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։ 10Եվ իրենց համար արձաններ էին դրել և Աստարովթի կուռքեր տնկել ամեն մի բարձր բլրի վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ 11Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։ 12Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։
13Տերն իր բոլոր մարգարեների և բոլոր տեսանողների միջոցով պատվեր էր տվել Իսրայելին և Հուդային՝ ասելով. «Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և պահե՛ք իմ պատվիրաններն ու իմ կանոնները այն բոլոր օրենքների պես, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին և իմ ծառաների՝ մարգարեների միջոցով ուղարկել եմ ձեզ»։ 14Բայց նրանք չլսեցին և խստացրին իրենց պարանոցը իրենց հայրերի պարանոցի նման, որոնք չէին հավատում իրենց Տեր Աստծուն։ 15Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։ 16Եվ թողեցին իրենց Տեր Աստծու հրամանները և իրենց համար ձուլածո երկու հորթեր շինեցին, աստարովթներ շինեցին ու երկրպագեցին երկնքի բոլոր զորություններին և պաշտեցին Բահաղին։ 17Եվ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին, կախարդություն և հմայություն արեցին ու ծախեցին իրենց՝ Տիրոջ առջև չարիք գործելու, և նրան բարկացրին։ 18Եվ Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա, նրանց մերժեց իր երեսից և չթողեց ոչ ոքի, բացի Հուդայի ցեղից։
19Հուդան էլ չպահեց իր Տեր Աստծու պատվիրանները և գնաց Իսրայելի այն կանոններով, որ նրանք հաստատել էին։ 20Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից, 21որովհետև Իսրայելն անջատվեց Դավթի տանից, և նրանք թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին, բայց Հերոբովամը Իսրայելին շեղեց Տիրոջը հետևելուց և մեծ մեղքեր գործել տվեց նրանց։ 22Իսրայելի որդիները գնացին Հերոբովամի բոլոր մեղքերի միջով, որ նա արել էր, և չհրաժարվեցին դրանցից, 23մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։
Ասորեստանցիները հաստատվում են Իսրայելում
24Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։ 25Եվ նրանք իրենց այնտեղ բնակվելու սկզբում Տիրոջից չէին վախենում, և Տերն առյուծներ ուղարկեց նրանց վրա, որոնք սպանում էին նրանցից ոմանց։ 26Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։ 27Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։ 28Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։ 29Եվ ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում և դնում այն Բարձր տեղերում, որ շինել էին սամարացիները. ամեն մի ազգ իր քաղաքներում, որտեղ բնակվում էին իրենք։ 30Եվ Բաբելոնի մարդիկ շինեցին Սաքքովթ-Բանովթը, Քութի մարդիկ շինեցին Ներգաղը, Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը, 31ավացիները շինեցին Նեբասը և Թարթակը. իսկ սեփարուիմցիները որպես ողջակեզ այրում էին իրենց որդիներին այն կրակում, որ վառում էին Սեփարուիմի աստվածների՝ Ադրամելեքի և Անամելեքի համար։ 32Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։ 33Նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։
34Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։ 35Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել և նրանց պատվիրել էր՝ ասելով. «Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ երկրպագեք նրանց, նրանց մի՛ ծառայեք և զոհեր մի՛ մատուցեք նրանց, 36այլ պաշտե՛ք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ հզոր ուժով և մեկնած բազկով. նրա՛ն պաշտեք, նրա՛ն երկրպագեք և նրա՛ն զոհ մատուցեք։ 37Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։ 38Եվ մի՛ մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների, 39այլ պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից»։ 40Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։ 41Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։
Currently Selected:
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018