Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18
18
Հուդայի Եզեկիա թագավորը
(Բ Մն. 29.1-2, 31.1)
1Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ 2Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։ 3Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ 4Նա վերացրեց Բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց Աստարովթի կուռքերը և փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան. նա կոչվում էր Նեեսթան#18.4 Այսինքն՝ պղնձի կտոր։։ 5Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ։ 6Եվ հարեց Տիրոջը և չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 7Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։ 8Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։
9Եզեկիայի չորրորդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի յոթերորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագավորը հարձակվեց Սամարիայի վրա և պաշարեց այն։ 10Երեք տարի հետո վերցրեց այն, Եզեկիայի վեցերորդ տարում, որն Իսրայելի Ովսեե թագավորի իններորդ տարին էր. Սամարիան վերցվեց այդ ժամանակ։ 11Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում. 12նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծու ձայնին և զանց էին արել նրա ուխտը և այն ամենը, ինչ հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը. ո՛չ լսեցին, ո՛չ էլ արեցին։
Ասորեստանցիները սպառնում են Երուսաղեմին
(Բ Մն. 32.1-9, Ես. 36.1-22)
13Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։ 14Հուդայի Եզեկիա թագավորը մարդ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Մեղք եմ գործել, ե՛տ դարձիր ինձնից. ինչ որ դնես ինձ վրա, կհատուցեմ»։ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի հարկ դրեց։ 15Եզեկիան տվեց այն ամբողջ արծաթը, որ գտնվեց Տիրոջ տանը և թագավորի տան գանձերի մեջ։ 16Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների ոսկին, ինքը՝ Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։
17Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։ 18Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։
19Եվ Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացե՛ք. “Այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. "Այդ ի՞նչ հույս է, որին ապավինել ես դու"։ 20Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում. "Պատերազմի համար խորհուրդ և զորություն ունեմ". հիմա ո՞ւմ ես ապավինել, որ ապստամբել ես իմ դեմ։ 21Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։ 22Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։ 23Արդ, ուրեմն դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ երկու հազար ձի կտամ, եթե կարող ես այդքան հեծյալներ դնել նրանց վրա. 24հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։ 25Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։
26Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։ 27Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։
28Եվ Ռաբսակը կանգնեց ու բարձր ձայնով եբրայերեն կանչեց և խոսեց՝ ասելով. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը. 29թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից, 30և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։ 31Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք և դո՛ւրս եկեք ինձ մոտ, որպեսզի ամեն մարդ իր որթից, և ամեն մարդ իր թզենուց ուտի, և ամեն մարդ խմի իր ջրհորի ջրից, 32մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, ցորենի և գինու երկիր, հացի և այգիների երկիր, յուղ տվող ձիթենիների և մեղրի երկիր, որ ապրեք ու չմեռնեք։ Եվ մի՛ լսեք Եզեկիային, որովհետև ձեզ խաբում է՝ ասելով, թե՝ "Տերը մեզ կազատի"։ 33Մի՞թե մյուս ազգերի աստվածները փրկեցին ամեն մեկն իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։ 34Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ 35Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։
36Ժողովուրդը լռեց, և նրան ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Նրան չպատասխանեք»։
37Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։
Currently Selected:
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018