YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10

10
Թովղա
1Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։ 2Իսրայելում քսաներեք տարի դատավորություն արեց և մեռավ ու թաղվեց Սամիրում։
Հայիր
3Նրանից հետո վեր կացավ գաղաադացի Հայիրը և քսաներկու տարի դատավորություն արեց Իսրայելում։ 4Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։ 5Եվ Հայիրը մեռավ ու թաղվեց Կամոնում։
6Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։ 7Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։ 8Նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այդ տարվանից մինչև տասնութ տարի, այսինքն՝ Իսրայելի բոլոր այն որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում՝ Գաղաադում էին, ամորհացիների երկրում։ 9Նաև Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ պատերազմեն Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ. և Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։
10Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին և ասացին. «Մեղք գործեցինք քո դեմ, որովհետև մեր Աստծուն թողեցինք և պաշտեցինք Բահաղիմին»։ 11Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թե ձեզ չազատեցի եգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։ 12Ձեզ նեղում էին նաև սիդոնացիները, ամաղեկացիները և մաոնացիները, և դուք աղաղակեցիք ինձ, և ես ձեզ ազատեցի նրանց ձեռքից։ 13Բայց դուք ինձ թողեցիք և ծառայություն արեցիք ուրիշ աստվածների. դրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։ 14Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։ 15Եվ Իսրայելի որդիները Տիրոջն ասացին. «Մենք մեղք գործեցինք, և ինչ որ հաճելի է քո աչքին, մեզ հետ արա՛, միայն թե, աղաչում ենք, ազատի՛ր մեզ այսօր»։ 16Եվ իրենց միջից վերցրին օտար աստվածներին ու ծառայեցին Տիրոջը. և նրա սիրտը վշտացավ Իսրայելի նեղության համար։
17Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։ 18Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10