YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9

9
Աբիմելեք
1Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով. 2«Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։ 3Եվ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերն ասացին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը դարձավ դեպի Աբիմելեքը, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»։ 4Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։ 5Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։ 6Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։
7Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի. 8ծառերը գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն, և ձիթենուն ասացին. “Մեզ վրա թագավո՛ր եղիր”։ 9Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։#9.9 Եբր. երերա՞մ կամ թափառե՞մ։ 10Եվ ծառերը թզենուն ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ 11Եվ թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։#9.11 Եբր. երերա՞մ կամ թափառե՞մ։ 12Այն ժամանակ ծառերն ասացին որթին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ 13Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ 14Այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ 15Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։ 16Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր դարձրիք, և եթե Հերո-Բաաղին ու նրա տանը բարություն արեցիք, և եթե նրա ձեռքի գործերի համեմատ նրան հատուցում արեցիք. 17(որովհետև իմ հայրը պատերազմեց ձեզ համար և իր անձը չխնայեց և մեզ ազատեց Մադիամի ձեռքից, 18իսկ դուք այսօր դեմ կանգնեցիք իմ հոր տանը և նրա որդիներին՝ յոթանասուն մարդու, սպանեցիք մի քարի վրա և նրա աղախնի տղային՝ Աբիմելեքին, թագավոր դարձրիք Սյուքեմի բնակիչների վրա, ըստ այնմ, որ ձեր եղբայրն էր). 19եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար. 20ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։ 21Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր և վախենալով իր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։
22Աբիմելեքն Իսրայելի վրա իշխեց երեք տարի։ 23Եվ Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչները նենգությամբ վարվեցին Աբիմելեքի հետ, 24որպեսզի Հերո-Բաաղի յոթանասուն որդիներին արած անիրավությունը գա, և նրանց արյունն իրենց եղբոր՝ Աբիմելեքի վրա հասնի, որը սպանել էր նրանց. և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը՝ իր եղբայրներին սպանելու համար։ 25Սյուքեմի բնակիչները նրա համար դարաններ պատրաստեցին սարերի գլուխներին և կողոպտում էին իրենց մոտով անցնող բոլոր մարդկանց։ Եվ այս բանն իմաց տվեցին Աբիմելեքին։ 26Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։ 27Եվ դուրս եկան դաշտ ու քաղեցին իրենց այգիների խաղողը և հնձաններում կոխելով՝ ուրախություն արեցին, մտան իրենց Աստծու տունը, կերան ու խմեցին և Աբիմելեքին անիծեցին։ 28Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։ 29Երանի թե այս ժողովուրդն անցներ իմ ձեռքի տակ, և ես Աբիմելեքին հեռացնեի»։ Եվ Աբիմելեքին ասաց. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ»։
30Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց։ 31Նա խորամանկ կերպով պատգամավորներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը հանում են քո դեմ։ 32Հիմա դու և քեզ հետ եղած ժողովուրդը գիշերը վե՛ր կացեք, և դարա՛ն մտիր դաշտում։ 33Եվ առավոտը հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կաց ու հարձակվի՛ր քաղաքի վրա. և ահա երբ նա և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը դուրս գան քո դեմ, այն ժամանակ ձեռքիցդ եկածն արա՛ նրան»։
34Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը գիշերը վեր կացան և չորս գնդով դարանակալեցին Սյուքեմից դուրս։ 35Աբեդի որդի Գաաղը դուրս եկավ և կանգնեց քաղաքի դռան առաջ. և Աբիմելեքն ու իր հետ եղած ժողովուրդը դուրս եկան դարաններից։ 36Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։ 37Եվ Գաաղը շարունակեց խոսքը և ասաց. «Ահա երկրի բարձր տեղից ժողովուրդ է իջնում, և մի գունդ էլ գալիս է Մեռնենիմի կաղնու ճանապարհով»։ 38Եվ Զեբուղը նրան ասաց. «Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե՝ “Աբիմելեքն ո՞վ է, որ մենք ծառայենք նրան”։ Ահա սա այն ժողովուրդն է, որ դու արհամարհեցիր. հիմա վե՛ր կաց և պատերազմի՛ր նրա դեմ»։ 39Եվ Գաաղը դուրս եկավ Սյուքեմի բնակիչների առաջ և պատերազմեց Աբիմելեքի դեմ։ 40Աբիմելեքը նրան հալածեց, և նա փախավ նրա առաջից, և շատերը մեռած ընկան մինչև դռան առաջը։ 41Աբիմելեքը բնակվեց Արումայում, և Զեբուղը Գաաղին ու նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեին։ 42Հետևյալ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ, և Աբիմելեքին իմաց տվեցին։ 43Նա վերցրեց իր ժողովրդին, բաժանեց երեք գնդի և դարանամուտ եղավ դաշտում. և տեսավ, որ ահա ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրանց վրա և ջարդեց նրանց։ 44Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։ 45Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։ 46Երբ այդ բանը լսեցին Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, մտան Էլ-Բերիթ աստծու տան բերդը։ 47Աբիմելեքին իմաց տվեցին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները հավաքվել են այնտեղ։ 48Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։ 49Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։
50Հետո Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց Թեբեսը և վերցրեց այն։ 51Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար. քաղաքի բոլոր բնակիչները՝ տղամարդիկ ու կանայք, փախան այնտեղ, դուռը ներսից կողպեցին և ելան վեր՝ աշտարակի կտուրը։ 52Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։ 53Մի կին երկանաքարի մի կտոր գցեց Աբիմելեքի գլխին և կոտրեց նրա գագաթը։ 54Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։ 55Իսրայելի մարդիկ տեսան, որ Աբիմելեքը մեռավ, և ամեն մարդ գնաց իր տեղը։
56Այսպես Աստված հատուցեց Աբիմելեքին այն չարիքի համար, որ նա արել էր իր հորը՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին։ 57Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարիքներն Աստված թափեց նրանց գլխին. և Հերո-Բաաղի որդի Հովաթամի անեծքը եկավ նրանց վրա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9