ԱՌԱԿՆԵՐ 1
1
Առակների արժեքը
1Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.
2Իմաստություն և խրատ#1.2 Խրատ. Առակներ գրքում ունի նաև դաստիարակելու, սաստելու իմաստային նրբերանգ։ գիտենալու և հանճարի#1.2 Հանճար. Առակներ գրքում ունի նաև ըմբռնելու իմաստ՝ ողջամիտ։ խոսքերը ըմբռնելու համար,
3Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.
4Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։
5Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա,
6Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։
Խրատ երիտասարդներին
7Իմաստության#1.7 Բռց. գիտություն։ սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։
8Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը,
9Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։
10Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։
11Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.
12Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես.
13Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։
14Մեզ միացի՛ր#1.14 Բռց. վիճակդ մեր մեջ գցիր։, մեր բոլորի քսակը թող մեկը լինի»,
15Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,
16Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։
17Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։
18Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։
19Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։
Իմաստության կանչը
20Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս.
21Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։
22Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը.
23Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։
24Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար,
25Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,
26Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։
27Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,
28Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։
29Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։
30Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։
31Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։
32Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։
33Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։
Currently Selected:
ԱՌԱԿՆԵՐ 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018