ԶԱՔԱՐԻԱ 14
14
Երուսաղեմը և ազգերը
1Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։ 2Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։ 3Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։ 4Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։ 5Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի. և դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախաք երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա, բոլոր սրբերը քեզ հետ։ 6Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։ 7Մի օր կլինի՝ Տիրոջը հայտնի, ո՛չ ցերեկ և ո՛չ գիշեր, և երեկոյան ժամանակ լույս կլինի։ 8Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։ 9Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։ 10Ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբաայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը. և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա՝ Բենիամինի դարպասից մինչև Առաջին դարպասի տեղը, մինչև Անկյան դարպասը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։ 11Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։
12Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։ 13Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ 14Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովվեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը, ոսկի և արծաթ, հանդերձներ՝ մեծ առատությամբ։ 15Այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։ 16Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։ 17Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։ 18Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։ 19Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը և այն բոլոր ազգերի պատիժը, որոնք չգնացին տաղավարների տոնը տոնելու։
20Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։ 21Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառական#14.21 Կամ քանանացի։ չի լինելու։
Currently Selected:
ԶԱՔԱՐԻԱ 14: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018