ԶԱՔԱՐԻԱ 9
9
Հարևան ազգերի դատաստանը
1Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։ 2Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։ 3Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։ 4Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը#9.4 Կամ ծով պիտի նետի նրա հարստությունը։, և նա կրակով պիտի սպառվի։
5Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։ 6Օտարականները#9.6 Կամ ապօրինի զավակները։ պիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։ 7Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝#9.7 Ակնարկությունը ատելի ուտելիքների մասին է։ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։
8Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։
Գալիք Թագավորը
9Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։ 10Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։
Աստծու ժողովրդի վերահաստատումը
11Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։ 12Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր ծանուցում եմ. կրկնապատիկ եմ հատուցելու քեզ։ 13Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։ 14Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։ 15Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։ 16Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։ 17Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։
Currently Selected:
ԶԱՔԱՐԻԱ 9: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018