YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 14

14
Անցում Կարմիր ծովով
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։ 3Եվ փարավոնը կասի իր ժողովրդին. “Իսրայելի որդիները մոլորվել են երկրում, քանի որ անապատը շրջափակել է նրանց”։ 4Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։
5Եգիպտացիների արքային հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնն ու նրա պաշտոնյաները զղջացին և ասացին. «Այս ի՞նչ արեցինք. ինչո՞ւ արձակեցինք Իսրայելի որդիներին, որ այլևս չեն ծառայելու մեզ»։ 6Եվ փարավոնը 7լծեց իր կառքերն ու իր հետ վերցրեց իր բոլոր մարտիկներին։ Վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր, եգիպտացիների ողջ հեծելազորն ու սպառազեն մարդկանց։ 8Տերը կարծրացրեց եգիպտացիների արքա փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսկ Իսրայելի որդիները գնում էին Բարձր ձեռքի առաջնորդությամբ։ 9Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մոտ բանակած։ Փարավոնի ողջ հեծելազորն ու կառքերը, նրա հեծյալներն ու բանակը կանգնեցին Հանգրվանի մոտ՝ Բեեղսեպփովնի դիմաց։
10Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված 11ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։ 12Մի՞թե եգիպտացիների երկրում քեզ չասացինք. “Թո՛ւյլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին”։ Մեզ համար ավելի լավ էր ծառայել եգիպտացիներին, քան մեռնել այս անապատում»։ 13Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։ 14Տե՛րը պիտի պատերազմի ձեր փոխարեն, իսկ դուք լռե՛ք»։
15Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ 16Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։ 17Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։ 18Եվ բոլոր եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ»։
19Եվ Իսրայելի որդիների բանակի առջևից գնացող Աստծու հրեշտակն անցավ նրանց հետևը։ Նրանց առջևից վեր բարձրացավ նաև ամպի սյունն ու կանգնեց նրանց թիկունքին, 20ապա մտավ եգիպտացիների ու Իսրայելի բանակների միջև։ Խավար ու մեգ եղավ։ Գիշերն անցավ, բայց ողջ գիշեր բանակներն իրար չմոտեցան։
21Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։ 22Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։
23Եգիպտացիները հետապնդեցին, և փարավոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը։ 24Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ 25Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
26Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող վերամիանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»։ 27Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և ջրերն առավոտյան լցվեցին իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տերը եգիպտացիներին ընկղմեց ծովում 28և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 29Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 30Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։ 31Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։

Currently Selected:

ԵԼՔ 14: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in