YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 18

18
Հոթորի այցը Մովսեսին
1Մադիամի քուրմ Հոթորը՝ Մովսեսի աները, լսեց այն ամենի մասին, ինչ Տերն արել էր Մովսեսին ու Իսրայելին՝ իր ժողովրդին. քանի որ Տերը Իսրայելին հանել էր Եգիպտոսից։ 2Հոթորը՝ Մովսեսի աները, վերցրեց Սեպփովրային՝ Մովսեսի կնոջը, որ ուղարկվել էր իր մոտ, 3ու նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր և նշանակում էր «Պանդուխտ եմ օտար երկրում», 4իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր «Իմ հոր Աստվածը իմ օգնականն է, և նա փրկեց ինձ փարավոնի ձեռքից»։ 5Հոթորը՝ Մովսեսի աները, նրա կինը և նրա որդիները եկան Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բնակվում էր Աստծու լեռան վրա։ 6Հայտնեցին Մովսեսին՝ ասելով. «Ահա քո աները՝ Հոթորը, գալիս է քեզ մոտ, և նրա հետ են քո կինը և քո երկու որդիները»։ 7Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։ 8Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ Իսրայելի համար Տերն արել էր փարավոնի ու եգիպտացիների հետ, ինչպես նաև այն բոլոր դժվարությունները, որ իրենք կրել էին ճանապարհին, և թե Տերն ինչպե՛ս փրկեց իրենց։ 9Հոթորն ուրախացավ այն բոլոր բարեգործությունների համար, որ Տերն արել էր նրանց և փրկել եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից։ 10Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց սրանց եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից, օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց ժողովրդին եգիպտացիների ձեռքի տակից։ 11Արդ գիտեմ, որ Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները, քանի որ նա ազատեց նրանց բռնացողների ձեռքից»։ 12Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։
Դատավորների հաստատումը
(Բ Օր. 1.9-18)
13Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո շրջապատել էր Մովսեսին։ 14Հոթորը, տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդին, ասաց. «Դու այդ ի՞նչ ես անում ժողովրդին։ Ինչո՞ւ ես դու միայնակ նստած, իսկ ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնած է քո շուրջը»։ 15Մովսեսն ասաց իր աներոջը. «Որովհետև ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց իրավունք խնդրելու։ 16Երբ նրանց միջև վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ։ Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին և հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»։ 17Մովսեսի աները նրան ասաց. «Քո արածը ուղիղ չէ։ 18Սոսկալի տանջանքներով տանջում ես և՛ քեզ, և՛ քեզ հետ եղող ողջ ժողովրդին։ Ծանր է քո գործը, և միայնակ չես կարող այդ անել։ 19Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։ 20Եվ դրանց վկայի՛ր Աստծու հրամաններն ու օրենքները և ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով ընթանալու են, և այն գործերը, որ պետք է կատարեն։ 21Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։ 22Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին. կարևոր գործերը թող հանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող իրենք անեն. դրանով կթեթևացնես քո գործերը, և կլինեն քո օգնականները։ 23Եթե այս բանն անես, Աստված կզորացնի քեզ, և կկարողանաս տոկալ, և ողջ ժողովուրդը խաղաղությամբ կվերադառնա իր տեղը»։
24Մովսեսն անսաց իր աներոջ ասածին և արեց այն ամենը, ինչ նա ասաց իրեն։ 25Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։ 26Նրանք մշտապես դատում էին ժողովրդին։ Բայց կարևոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ թեթև գործերը իրենք էին դատում։ 27Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, որը գնաց իր երկիրը։

Currently Selected:

ԵԼՔ 18: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in