YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 20

20
Աբրահամը և Աբիմելեքը
1Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։ 2Աբրահամն իր կին Սառայի մասին ասաց, թե իր քույրն է։ Եվ գերարացիների արքա Աբիմելեքը մարդ ուղարկեց և Սառային կնության առավ։ 3Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։ 4Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե դու կոչնչացնես բանից անտեղյակ ու արդար մի ազգի։ 5Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։ 6Աստված երազի մեջ ասաց նրան. «Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, պահեցի քեզ, որ չմեղանչես իմ դեմ, և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան։ 7Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս։ Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»։ 8Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և այս ամենը պատմեց նրանց։ Բոլոր մարդիկ խիստ վախեցան։ 9Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։ 10Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»։ 11Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։ 12Բայց նա, արդարև, իմ քույրն է հորս կողմից և ոչ մորս կողմից, և դարձավ իմ կինը։ 13Երբ Աստված ինձ հանեց իմ հոր տնից, ես նրան ասացի. “Շնո՛րհ արա ինձ. ուր էլ գնանք, իմ մասին ասա՛, թե՝ իմ եղբայրն է”»։ 14Աբիմելեքն առավ հազար սատեր, արջառներ ու ոչխարներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին։ Նրան վերադարձրեց նաև Սառային՝ նրա կնոջը։ 15Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ահա իմ երկիրը քո առջևում է, բնակվի՛ր, որտեղ հաճելի է քեզ»։ 16Իսկ Սառային ասաց. «Ահա հազար սատեր տվեցի քո եղբորը։ Այն թող քո և քեզ հետ եղող կանանց պատվի համար լինի։ Միշտ ճշմարտությո՛ւնը պատմիր»։ 17Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել։ 18Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր կանանց արգանդները Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 20: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in