YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 43

43
Բենիամինը տարվում է Եգիպտոս
1Սովն ավելի ու ավելի էր սաստկանում երկրում։ 2Երբ եգիպտացիների երկրից բերած ցորենը կերան-սպառեցին, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մի քիչ պարե՛ն գնեք»։ 3Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։ 4Արդ, եթե մեր եղբորը մեզ հետ արձակես, կիջնենք և պարեն կգնենք, 5իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ 6Եվ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ ինձ այդ չարիքն արեցիք՝ հայտնելով մարդուն, թե ուրիշ եղբայր ունեք»։ 7Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։
8Ապա Հուդան իր հորը՝ Իսրայելին, ասաց. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաներն ապրենք ու սովամահ չլինենք։ 9Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։ 10Եվ եթե չդանդաղեինք, ապա երկու անգամ գնացած-եկած կլինեինք»։ 11Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։ 12Կրկնակի արծա՛թ վերցրեք ձեզ հետ. այն արծաթը, որ ձեր պարկերի մեջ վերադարձվեց, տարե՛ք ձեզ հետ. գուցե սխալմունք է եղել։ 13Վերցրե՛ք նաև ձեր եղբորն ու վե՛ր կացեք, գնացե՛ք այդ մարդու մոտ։ 14Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։ 15Եվ նրանք, առնելով նվերները, կրկնակի արծաթն ու Բենիամինին, վեր կացան, իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ 16Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ 17Վերակացուն արեց այնպես, ինչպես ասել էր Հովսեփը, և նրանց տարավ Հովսեփի տուն։ 18Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։ 19Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին, խոսեցին նրա հետ տան մուտքին 20և նրան ասացին. «Աղաչում ենք քեզ, տե՛ր։ Երբ առաջին անգամ եկանք պարեն գնելու 21և վերադարձին հասանք իջևան, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ յուրաքանչյուրիս արծաթն իր պարկի մեջ է։ Արդ, արծաթը նույն կշռով հետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է։ 22Մեզ հետ այլ արծաթ էլ ենք բերել, որ պարեն գնենք։ Մենք չգիտենք, թե ո՛վ էր արծաթը դրել մեր պարկերի մեջ»։ 23Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։ 24Վերակացուն նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն։ Ջուր բերեց, որ նրանք լվանան իրենց ոտքերը, և նրանց գրաստներին կեր տվեց։ 25Կեսօրին՝ մինչ Հովսեփի գալը, նրանք պատրաստեցին նվերները, որովհետև իմացան, որ այնտեղ է ճաշելու։ 26Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան։ 27Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։ 28Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, լավ է, դեռ ապրում է»։ Եվ Հովսեփն ասաց. «Աստծուց օրհնյալ է այդ մարդը»։ Եվ նրանք խոնարհվելով երկրպագեցին նրան։ 29Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։ 30Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։ 31Ապա երեսը լվանալով՝ դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ մատուցեք»։ 32Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և եգիպտացիներին՝ առանձին, քանի որ եգիպտացիները եբրայեցիների հետ սեղան չէին նստում, որովհետև զզվում էին նրանցից։ 33Հովսեփի եղբայրները նստեցին նրանց դիմաց ըստ ավագության՝ ավագից կրտսերը։ Եվ բոլորը զարմացած նայում էին միմյանց։ 34Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 43: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in