YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 10

10
Նադաբի և Աբիուդի մեղքը
1Ահարոնի երկու որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, բուրվառներ վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, խունկ գցեցին և Տիրոջ առջև անվավեր կրակ մատուցեցին, որը Տերը չէր պատվիրել նրանց։ 2Տիրոջից հուր ելավ ու կլանեց նրանց, ու մեռան Տիրոջ առաջ։ 3Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։ 4Ապա Մովսեսը կանչեց Միսադայիին և Եղիսափանին՝ Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր եղբայրներին իրենց հագուստներով սրբարանի առջևից տարե՛ք բանակատեղիից դո՛ւրս»։ 5Մոտեցան և բանակատեղիից դուրս հանեցին նրանց՝ իրենց հագուստներով հանդերձ, ինչպես որ պատվիրեց Մովսեսը։
6Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։ 7Վկայության խորանի դռնից մի՛ հեռացեք, որպեսզի չմեռնեք, որովհետև օծության յուղը, որ Տիրոջից է, ձեզ վրա է»։ Եվ վարվեցին ըստ Մովսեսի խոսքի։
Քահանաների պարտականությունները զոհաբերությունների վերաբերյալ
8Տերն ասաց Ահարոնին. 9«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։ 10Որպեսզի կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը՝ անմաքուրից, 11և սովորեցնեք Իսրայելի որդիներին ողջ օրենքը, որ նրանց տվել է Տերը Մովսեսի ձեռքով»։
12Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։ 13Կերե՛ք այն սուրբ վայրում, թող օրենք լինի քեզ համար և օրենք քո որդիների համար՝ Տիրոջը մատուցված զոհերի վերաբերյալ։ Այդպես է հրամայվել ինձ։
14Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։ 15Բայց ընծայի աջ թևն ու կուրծքն այրվելիք ճարպի հետ նախ թող մատուցեն Տիրոջ առաջ։ Թող հավիտենական օրենք լինի քեզ և քո որդիներին և քեզ հետ՝ քո դուստրերին, ինչպես որ պատվիրել է Տերը Մովսեսին»։
16Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով. 17«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։ 18Քանի որ նրա արյունից սրբարանի ներսը՝ դիմացը, չմտավ, այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես որ պատվիրվել է ինձ»։ 19Ահարոնը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մեղքի զոհը և ողջակեզի զոհերը մատուցեցին Տիրոջ առաջ այսօր, երբ ինձ հետ այսպիսի դեպք պատահեց, այսօր մեղքի զոհից ուտելը արդյո՞ք հաճո կլիներ Տիրոջը»։ 20Մովսեսը լսեց և հավանություն տվեց նրա ասածներին։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 10: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in