ՂԵՎՏԱԿԱՆ 9
9
Քահանայության համար առաջին զոհաբերությունները
1Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես նաև Իսրայելի ծերակույտին։ 2Մովսեսն ասաց Ահարոնին. «Քեզ համար նախրից ընտրի՛ր մի զվարակ՝ մեղքերի քավության համար, ու մի խոյ՝ ողջակեզի համար, երկուսն էլ առանց արատի, և դրանք մատուցի՛ր Տիրոջ առջև։ 3Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Ձեզ համար մեղքերի քավության նպատակով այծերից ընտրե՛ք մի նոխազ, իսկ ողջակեզի համար՝ մի խոյ, մի զվարակ և մի տարեկան գառ՝ ողջակեզի համար, բոլորն էլ առանց արատի։ 4Նաև մի զվարակ ու մի խոյ՝ Տիրոջ առջև փրկության զոհ մատուցելու համար, ինչպես և ձիթայուղով հունցված նաշիհ, որովհետև այսօր Տերը պիտի հայտնվի ձեզ”»։ 5Եվ Վկայության խորանի առջև բերեցին այն ամենը, ինչ Մովսեսը հրամայել էր։ Ողջ ժողովուրդը հավաքվեց ու կանգնեց Տիրոջ առջև։ 6Եվ Մովսեսն ասաց. «Այս է, որ Տերը պատվիրեց անել, որպեսզի Տիրոջ փառքը երևա ձեզ»։ 7Իսկ Ահարոնին Մովսեսն ասաց. «Մոտեցի՛ր զոհասեղանին ու մատուցի՛ր քո մեղքերի զոհը, և քո ողջակեզի զոհը, և քավի՛ր քո և քո տան մեղքերը։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները՝ նրանց մեղքերի քավության համար»։ Այսպես է պատվիրել Տերը Մովսեսին։ 8Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր մեղքերի քավության զվարակը։ 9Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։ 10Ապա մեղքի զոհի ճարպը, երիկամներն ու լյարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 11Միսն ու կաշին հրով այրեցին բանակատեղիից դուրս։ 12Ապա մորթեց ողջակեզի զոհը, Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։ 13Ողջակեզը բերեցին նրա մոտ՝ անդամ-անդամ արած, ինչպես նաև գլուխը։ Եվ դրեց զոհասեղանին։ 14Ապա ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և դրեց ողջակեզի վրա՝ զոհասեղանին։
15Դրանից հետո մատուցեցին ժողովրդի ընծաները։ Վերցրեց ժողովրդի մեղքերի քավության նոխազը և այն մորթեց նախորդի նման։ 16Ողջակեզի զոհը նույնպես մատուցեց ըստ կարգի։ 17Ապա մատուցեց ընծան, մի բուռ վերցրեց դրանից և դրեց զոհասեղանին, բացի առավոտյան ողջակեզից։ 18Ապա մորթեց ժողովրդի փրկության զոհ զվարակն ու խոյը։ Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։ 19Նաև զվարակի ու խոյի ճարպն ու դմակը, փորի թաղանթի ճարպը, երկու երիկամները՝ ճարպով հանդերձ, լյարդի բլթակը 20և ճարպերը դրեցին կրծքերի վրա, ապա ճարպը կրծքերի հետ դրեցին զոհասեղանին։ 21Եվ կուրծքն ու աջ թևը նվիրաբերեց Տիրոջ առջև, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։ 22Ահարոնը, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց ժողովրդին և իջավ՝ մեղքերի քավության, ողջակեզի ու փրկության զոհաբերությունները կատարելուց հետո։ 23Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորանը և այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ողջ ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։ 24Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 9: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն