YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 17

17
ՍՐԲՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
(17–27)
Կանոններ արյան վերաբերյալ
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Այս է այն բանը, որ Տերը պատվիրեց ձեզ ու ասաց. 3“Իսրայելի որդիներից որևէ մեկը, եթե բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս արջառ, ոչխար կամ այծ զոհի 4և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։ 5Հետևաբար, Իսրայելի որդիներն իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարեն թող մատուցեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, քահանայի մոտ, և դրանք զոհեն Տիրոջը՝ փրկության համար”։ 6Քահանան արյունը շուրջանակի թող թափի զոհասեղանի վրա՝ Տիրոջ դիմաց, Վկայության խորանի դռանը, և ճարպը թող այրի իբրև անուշահոտություն Տիրոջը։ 7Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։ 8Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի 9և այն Տիրոջը զոհելու համար Վկայության խորանի դուռը չբերի, այդ մարդը թող սպանվի իր ժողովրդի կողմից։
10Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից, 11որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։ 12Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզնից ոչ ոք արյուն թող չուտի։ Արյուն թող չուտի նաև դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մարդը”։ 13Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով, 14որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ես Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն չուտեք”, որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ով որ ուտի դա, կմեռնի։ 15Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։ 16Իսկ եթե նա իր զգեստները չլվանա և իր մարմինը չլվա ջրով, ապա անօրենությունը կծանրանա իր անձի վրա”»։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 17: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in