ՂԵՎՏԱԿԱՆ 20
20
Պատիժներ ծանր հանցանքների համար
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին,#Տե՛ս 18.21-ի ծանոթագրությունը։ նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։ 3Ես նրա դեմ կդարձնեմ իմ երեսը և նրան կվերացնեմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զավակներից տվեց իշխանին՝ պղծելով իմ սրբարանը և անարգելով ինձ նվիրվածների անունը։ 4Եթե տեղաբնակներն անտեսեն իր զավակներից մեկին իշխանին հանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, 5ես հայացքս նրա ու նրա հարազատների դեմ կդարձնեմ և իր ժողովրդի միջից կվերացնեմ նրան ու նրանց, ովքեր համախոհ եղան նրան՝ իշխանին ծառայելու։ 6Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեհարցներին, ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից։ 7Սրբե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։ 8Պահե՛ք ու կատարե՛ք իմ հրամանները։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ սուրբ դարձնողը։
9Եթե որևէ մեկը վատաբանի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի։ Եթե նա վատաբանում է իր հորը կամ իր մորը, հանցավոր է։
10Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։ 11Նա, որ պառկի իր հոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հոր ամոթույքը։ Երկուսն էլ թող մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։ 12Եթե որևէ մեկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։ 13Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են։ 14Եթե որևէ տղամարդ կին առնի մի աղջկա ու նրա մորը, անօրենություն է։ Նրանք երեքն էլ թող այրվեն կրակով, որպեսզի ձեր մեջ նման անօրենություններ չլինեն։
15Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկվի, իսկ կենդանուն պետք է սատկեցնել։ 16Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանե՛ք, թող մեռնեն, քանի որ հանցավոր են։
17Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
18Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
19Քո հորաքրոջ և մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև տեսած ես լինում մերձավորներիդ ամոթույքները, նրանք իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։ 20Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։ 21Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա անպատվում է իր եղբորը. անժառանգ թող մեռնեն։
22Պահե՛ք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատվիրանները և կատարե՛ք դրանք, որպեսզի ձեզանից չխորշի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ այնտեղ բնակվելու համար։ 23Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։ 24Ես ձեզ ասացի. “Դուք կժառանգեք այդ երկիրը, և ես ձեզ այն կտամ իբրև սեփականություն, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։
25Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։ 26Սո՛ւրբ եղեք, որովհետև ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպեսզի իմը լինեք։
27Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 20: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն